Վարչական ռեսուրս կիրառելու իմաստով այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից. Նինա Կարապետյանց

«Հայաստանում միշտ, բոլոր ժամանակներում վարչական ռեսուրսը չարաշահվել է, եւ այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախորդ իշխանություններից վարչական ռեսուրսը կիրառելու իմաստով: Այնպես որ, ոչ մի անսպասելի բան չկա, ինչպես եւ կանխատեսում էինք, ինչպես եւ բարեխիղճ չէին, ինչպես բազմաթիվ փոփոխություններ պետք է արվեին եւ չեն արվել, նույն տրամաբանությամբ համակարգերը պահպանվել են, որպեսզի իրենք կարողանան վարչական ռեսուրսը չարաշահել ու անպատիժ մնալ:

Այլապես կունենայինք բազմաթիվ քրեական գործեր՝ հարուցված տարբեր մարդկանց, պաշտոնյաների՝ վարչական ռեսուրսի չարաշահման առիթով: Չնայած եթե այս հակասահմանադրական գործողությունների հետ կապված խնդիրներ չեն առաջացրել իրավապահ մարմինները, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն՝ Նինա Կարապետյանցը՝ պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, արդյոք բոլորը հավասա՞ր են քարոզարշավ իրականացնում, իր կարծիքով վարչական ռեսուրս կիրառվո՞ւմ է, թե՞ ոչ:

Հետաքրքրվեցինք նաեւ իր այն ահազանգով, որ արդեն մտնում են ընտանիքներ, տարբեր ճնշումներ են իրականացնում ընտանիքի անդամների նկատմամբ, խնդրեցինք որոշ փակագծեր բացել: «Եթե հիմա փակագծեր բացեմ, վստահաբար շատ ավելի վատ վիճակում են հայտնվելու իմ ընտանիքի անդամները, հարազատները, հետեւաբար զուտ չվնասելու տրամաբանությունից ելնելով՝ կարծում եմ ճիշտ կլինի այս պահին չբարձրաձայնելը: Բայց որոշակի պահի ստիպված կլինեմ առանց փակագծերի խոսել»,-ասաց «Բոլորին դեմ եմ»-ի վարչապետի թեկնածուն:

Մեր հարցին՝ «Բոլորին դեմ եմ»-ը հիմա էլ բոլորին հրավիրում է Կարապի լիճ նախընտրական «ջուր ծեծոցիի», արդյոք նման ձեւաչափով հանդես գալը չի՞ անլրջացնում ընտրական պրոցեսները, ինչպես ոմանք են գնահատում, Նինա Կարապետյանցն այսպես արձագանքեց. «Մենք այդ իմաստով 2 խնդիր ենք լուծում. առաջինը ուշադրություն ենք գրավում, որովհետեւ չունենք անսահմանափակ քանակությամբ փող եւ ադմինիստրատիվ ռեսուրսներ, բոլորի համար հասանելի լրատվականներ, որպեսզի մեր տեղեկատվությունը տեղ հասցնենք:

Մյուս կողմից՝ սա տասնամյակներով տեղի ունեցող իրադարձությունների ուղիղ իմաստով ցուցադրությունն է, նաեւ ցեխ շպրտելը: Մենք տասնամյակներով ունեցել ենք այդ ամենը, սակայն որեւէ մեկը չի ցանկացել ուղիղ իմաստով դրա մասին խոսել եւ ցույց տալ: Փոխարենը կյանքից, իրականությունից կտրված անհավանական ինչ-որ բաների մասին են խոսում շատերը ու հերթական անգամ մոլորության մեջ են գցում մարդկանց:

Մենք տասնամյակներով ունեցել ենք մշտական աբոնեմենտ ունեցող մարդկանց, որոնք բացառապես միայն ընտրություններին են մասնակցել: Այսինքն, որեւէ քաղաքական գործունեություն չեն իրականացրել, բայց ընտրությունից ընտրություն հայտնվել են…ծաղրելը, անլրջացնելը հենց դա է:

Ընտրական պրոցեսները ծաղրելն ու անլրջացնելը լինում է այն ժամանակ, երբ գալիս, ընտրողներին խոստումներ են տալիս ու լրիվ հակառակն են անում: Եթե մարդկանց թվում է, որ անպայման պետք է փողկապով լինես, ու կարեւոր չէ՝ ինչ կխոսես ու հետագայում ինչ կանես, դա լրջության մասին է խոսում, պիտի ասեմ, որ դա բացարձակ այդպես չէ: Անլրջացրել են բոլոր նրանք, որոնք թույլ են տվել, որ այսպիսի համակարգեր ունենանք, որտեղ մեկ անձը կգա ու կկառավարի, միանձնյա կազդի ժողովրդի ու պետության ճակատագրի վրա: Դա է անլրջացնելը՝ համակարգեր չստեղծելը, ներառյալ արդարադատության, անկախ ընտրություններ իրականացնելու համակարգեր չստեղծելը» ։

Նինա Կարապետյանցն ասաց, որ չափազանց կարեւորում է մարդկանց մասնակցությունն ընտրություններին. «Հաստատ կգտնեք նրանց, ում կուզենաք ձայն տալ, ընտրության գնալը սրբազան պարտքի նման մի բան պետք է համարի յուրաքանչյուրը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment