Վանդալիզմի դեպք Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցում. քրեական գործ է հարուցվել

Վանդալիզմի դեպք՝ Վրաստանի հայկական Սուրբ Նշան եկեղեցում: Նախօրեին սոցցանցերում հաղորդվել էր, որ միջադեպը ենթադրաբար տեղի է ունեցել Համայն Վրաստանի նոր կաթողիկոս-պատրիարքի ընտրությունների նախաշեմին:

Անհայտ անձինք եկեղեցուց հանել են սրբապատկերները, ինչպես նաև եկեղեցական սպասքը և դրել աղբամանի մոտ։ Ավելի ուշ տեղի բնակիչներն ու հավատացյալները դրանք վերադարձրել են տաճար։

Վրաստանի ՆԳՆ-ն գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների կատարմանն ապօրինի խոչընդոտելու հոդվածով:

Գործող հայկական Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել տեղի բնակիչներից, սոցիալական ցանցերում հայտնել է Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը: Նրա խոսքով՝ դա անակնկալ էր, և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներն արդեն դիմել են ոստիկանություն. «Ամբողջությամբ սրբել էին և տարել աղբանոցի կողքն էին գցել։ Մենք հավաքեցինք բոլորը, դիմեցինք պատկան մարմիններին, մեր վերադասին, որպեսզի այս վանդալիզմը, որ չգիտենք, թե  ում կողմից է արված, պատասխան ստանա։

Սրանով առաջին հերթին կպնում են հայ և վրացի մեջ եղբայրներին, մեր սրբություններին։ Դուք տեսաք, որ հայկականի կողքին նաև որոշ քանակությամբ վրացական սրբապատկերներ կային, երկուսը միասին էր դուրս շպրտված եկեղեցուց։

Մենք ուզում ենք, որ սա արձագանք գտնի պատկան մարմինների կողմից և վերահսկվի եկեղեցին, որ նման քայլերը չկրկնվեն և մեր ժողովրդին չտանեն թյուրիմացության, չհրահրեն ու իրար դեմ չհանեն երկու ազգերին։ Սա կատարողները կամ հիվանդ են, կամ դիտավորյալ, մտածված քայլեր են երկու ազգի հանդեպ»,–ասաց նա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment