Iravunk.com | Նախընտրական «սնկային» մարտեր


Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական դաշտում վաղուց արդեն քաղաքական բանավեճը փոխարինվել է փոխադարձ վիրավորանքներով, ակնարկներով, երբեմն՝ նույնիսկ կիսաքրեական բառապաշարով։ Սակայն վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի եւ գործարար Սամվել Կարապետյանի միջեւ ծավալված հեռակա «սնկային նախընտրական պատերազմը» նույնիսկ այդ ֆոնի վրա առանձնանում է իր ունիկալությամբ:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե իր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Չինաստանից Հայաստան է ներմուծել «մոտ մեկ տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ», եւ այն օգտագործում է ելույթներից առաջ: Կարապետյանը, փաստորեն, փորձեց հասարակությանը համոզել, որ Փաշինյանի երբեմն իրարամերժ, կտրուկ ու էմոցիոնալ հայտարարությունների պատճառը ոչ թե քաղաքական սխալ հաշվարկն է, այլ՝ գիտակցության փոփոխված վիճակը:

Իհարկե, նույնիսկ ընդդիմադիր շրջանակներում շատերը սա ընկալեցին ոչ թե որպես փաստական մեղադրանք, այլ քաղաքական սարկազմի չափազանցված դրսեւորում։ Սակայն առավել ուշագրավ էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Նա ոչ միայն չփորձեց թեման անտեսել՝ այն համարելով անհեթեթություն, այլեւ անձամբ մտավ հրապարակային «կռվի» մեջ՝ Սամվել Կարապետյանին անվանելով «կալուգացի օլիգարխ» եւ խոստանալով իրավական ճանապարհով «մեկ տոննա սունկ կերցնել» նրան: Իսկ երբ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ վերջին տարիներին խմելը թողել է, էլ ավելի շատ հարցեր առաջացան՝ եթե չի խմում, սունկի «տակ» չէ, բա ինչի՞ է այդպես իրեն պահում:

Այս ամբողջ պատմության մեջ ամենակարեւոր հարցը նույնիսկ սունկը չէ։ Խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական համակարգը հերթական անգամ վերածվում է շոուի, որտեղ պետական կառավարման օրակարգը փոխարինվում է անձնական հաշվեհարդարներով ու փոխադարձ նվաստացումներով:

Ի ՎԵՐՋՈ, «ՍՈՒՆԿ ԿԵՐԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ»

Ուշադրության արժանի է նաեւ այն հանգամանքը, որ իշխանությունը, որն ամեն օր խոսում է «ինստիտուցիոնալ պետությունից», իրականում անձնավորված ռեժիմի տպավորություն է ստեղծում։ Որեւէ այլ երկրում դժվար է պատկերացնել, որ գործող վարչապետը պետական մակարդակով արձագանքի նման մեղադրանքի՝ բառացիորեն մտնելով փողոցային բառապաշարի դաշտ:

Միաժամանակ Սամվել Կարապետյանի պահվածքն էլ ոչ պակաս զարմանալի է: Հատկանշական է, որ հետագայում Կարապետյանն արդեն մեղմել է իր խոսքերը՝ նշելով, թե ընդամենը «տպավորություններ» ունի։ Այսինքն՝ սկզբում նետվում է բարձրաձայն մեղադրանք, հետո այն ներկայացվում է որպես ենթադրություն։ Դասական քաղաքական տեխնոլոգիա՝ աղմուկ ստեղծել, կասկած սերմանել եւ հետ կանգնել ուղիղ պատասխանատվությունից։

Թեմային նոր երանգ տվեց նաեւ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ հայտարարելով, թե դատարանը պետք է պարզի՝ Փաշինյանը «սունկ կերե՞լ է, թե՞ ոչ»։ Փաստորեն, քաղաքական օրակարգը հասել է մի կետի, որտեղ երկրի անվտանգային, տնտեսական եւ սոցիալական խնդիրների փոխարեն քննարկվում է՝ վարչապետն ի՞նչ է օգտագործում ելույթներից առաջ։

Իսկ հասարակությո՞ւնը։ Հանրային մի հատված սոցիալական ցանցերում կատակում է, մյուս մասը՝ զայրանում, բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ քաղաքական դիսկուրսի որակը շարունակում է անկում ապրել։ Երբ իշխանությունն ու հակաիշխանական բեւեռները մրցում են ոչ թե ծրագրերով, այլ փոխադարձ հեգնանքով ու վիրավորանքներով, տուժում է առաջին հերթին պետության հեղինակությունը։

Այս պատմությունն ունի նաեւ ավելի խորքային շերտ։ Փաշինյանի իշխանության տարիներին քաղաքական խոսույթը աստիճանաբար դարձել է ագրեսիվ, անձնական եւ հաճախ՝ էմոցիոնալ։ Այդ մշակույթը հիմա վերադարձել է հենց իր դեմ: Եթե նախկինում իշխանությունն ընդդիմախոսներին պիտակավորում էր, ծաղրում կամ ներկայացնում որպես «նախկինների մնացորդ», ապա այժմ նույն մեթոդաբանությամբ հարվածներ է ստանում նաեւ ինքը:

Ի վերջո, «սնկային սկանդալը» կարող է արագ մոռացվել, բայց այն արդեն իսկ արձանագրեց մեկ կարեւոր իրողություն. Հայաստանի քաղաքական դաշտը շարունակում է ապրել ոչ թե գաղափարական պայքարով, այլ փոխադարձ անվստահության, անձնական թշնամանքի եւ տեղեկատվական սադրանքների տրամաբանությամբ։ Իսկ երբ պետության ղեկավարի եւ խոշոր գործարարի միջեւ բանավեճի կենտրոնում հայտնվում է «հալյուցինացիա առաջացնող սունկը», դա արդեն ոչ միայն քաղաքական, այլ նաեւ պետական ճգնաժամի ախտանիշ է։

ТАНЦУЮТ ВСЕ!

Ու այս ֆոնին պաշտոնապես մեկնակեց հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն արդեն հասցրել է, բառիս բուն իմաստով, ցեխ շպրտել մրցակից ուժերի լոգոների վրա, Նիկոլ Փաշինյանն  քարոզարշավի անգամ ժամանակ լացել է, Սամվել Կարապետյանը դժվարությամբ, բայց արտասանել է «քարոզարշավ» բառը, Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է ֆիլմ իր մասին, որը հանգիստ կարող էր կոչվել «Պուպուշ Ռոբերտ», բայց իր մասին չէր: Մի խոսքով՝ ով ինչպես կարողանում` փորձում է գրավել ընտրողներին: Եվ ամենակարեւորը՝ «танцуют все!», թե՛ ընդդիմադիր պատգամավորի թեկնածուները, թե՛ դեռ իշխանավորները: Օրինակ, պարերի հարցում հանգիստ կարող էին մրցել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Կարապետյանների նախընտրական ցուցակից փաստաբան Արամ Վարդեւանյանը: Բայց մի րոպե՝ պահն օրհասական չէ՞ր, այս ընտրությունները Հայաստանի լինել-չլինելու մասին չէ՞ր, բա ինչի՞ եք այդքան ուրախ…

«Էս նախընտրական շրջանում բոլորդ մի տեսակ շատ պուպուշ եք դարձել՝ խոստումնալից, կարեկից, լրիվ «քյութ» վիճակ: Տպավորություն է, թե ընտրություններից հետո էս ռեժիմը ավտոմատ անջատվելու է։ Խնդրում եմ՝ հունիսի 7-ից հետո էլ «քյութ»-ը թող միանգամից չվերանա, գոնե «սեյվ» արեք», – հորդորում է քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment