Մալաթիա–Սեբաստիա անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ. Ռոբերտ Քոչարյան

Բաժանորդագրվել

ՀՀ 2–րդ նախագահը կարծում է` գործող իշխանությունը չի մտածում, չի կանխատեսում, թե ինչ է լինելու մի քանի օր հետո, և դրանից տուժում է երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Երևանի ՄալաթիաՍեբաստիա վարչական շրջանում անցկացրած քարոզարշավի անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարին ընդդեմ Արարատ լեռան ու մյուս հայկական տեղանունների։

«Որպես այս համայնքի բնակիչ` ինձ մոտ նման հարց է առաջացել, երբ հատկապես պայքար սկսվեց Արարատ լեռան դեմ։ Միանգամից մտածեցի` իսկ Մալաթիա–Սեբաստիա անունը տարածքային պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ, արդյոք մնալո՞ւ է այդ անունը, թե՞ փոխվելու է։ Այդ հարցի պատասխանը մինչ օրս ես չունեմ։ Հիմա ի՞նչ անենք` քոչենք այստեղից, թե քոչացնենք ինչ–որ մեկին։ Միգուցե այս համայնքը կոնֆլիկտածի՞ն համայնք է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը»,– հայտարարեց Քոչարյանը։

Ըստ նրա` մարդ (նկատի ունի Փաշինյանին. խմբ.), որ այս ամենը ուզում է փոխել, ՀՀ–ում չպետք է տեղ ունենա։

Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանությունը չի մտածում, չի կանխատեսում, թե ինչ է լինելու մի քանի օր հետո և դրանից տուժում է երկիրը։ Նա համոզված է, որ Փաշինյանի կառավարությունն այդպես վարվում է բոլոր հարցերում ու հատկապես անվտանգության, արտաքին քաղաքականության հարցերում։ Քոչարյանի խոսքով` իշխանությունները պատրաստ են փչացնել հարաբերությունները բոլորի հետ` չմտածելով, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ ժողովրդի համար։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment