Հանձնաժողովը մտահոգություն է հայտնում ENNRHI-ի արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը Հանձնաժողովին լիազորում է քննել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման վերաբերյալ դիմումները։ Ըստ հայտարարության՝ Հանձնաժողովի նշված լիազորությունը չպետք է տարածվի Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ՝ հաշվի առնելով վերջինիս անկախության իրավական երաշխիքները:
Կարևորելով ՄԻՊ հաստատության անկախությունը՝ Հանձնաժողովն, այնուամենայնիվ, գտնում է, որ ՀՀ օրենսդրությունը չի կարող մեկնաբանվել այնպես, որ որևէ պաշտոնատար անձի պարագայում բարեվարքության համակարգի տարրերի պահպանմանն առնչվող դիմումները ենթակա չլինեն քննության լիազոր մարմնի կողմից և մնան անարձագանք։
Ըստ այդմ՝ Հանձնաժողովի կողմից վարույթի իրականացումը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես որևէ պաշտոնատար անձի նկատմամբ ճնշում կամ վերջինիս աշխատանքին միջամտություն։ Ավելին, վարքագծի կանոնների առերևույթ խախտումները և շահերի բախման իրավիճակները քննելու՝ Հանձնաժողովի լիազորության և Հանձնաժողովի քննությանը ենթակա պաշտոնատար անձանց շրջանակի նախատեսումը բխում է հակակոռուպցիոն միջազգային լավագույն չափանիշներից։
Միաժամանակ, Հանձնաժողովը վերահաստատում է իր պատրաստակամությունն այլ շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ քննարկելու ոլորտային օրենսդրության կատարելագործման հնարավորությունները»,- ասվում է հայտարարությունում։