Վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քաղաքականության ֆոնին Մոսկվայում բազմաթիվ հայտարարություններ են հնչում։ Բայց նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ոչ միայն ուղենշային է, այլև լուրջ մտորումների տեղիք պետք է տա Հայաստանի գործող իշխանություններին։ Մասնավորապես, Պուտինը հայտարարել է, թե և՛ Հայաստանի քաղաքացիների, թե՛ Ռուսաստանի՝ որպես հիմնական տնտեսական գործընկերոջ համար ճիշտ կլինի, որ Երևանը հնարավորինս արագ որոշում կայացնի ԵՄ-ին միանալու վերաբերյալ։
Պուտինի խոսքով՝ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միությունից․ սա վերաբերում է թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ վերամշակող արդյունաբերությանը, թե՛ մաքսային ու այլ տուրքերին, թե՛ միգրացիոն և այլ ոլորտներին։ «Մեր գործը չէ, բայց, սկզբունքորեն, լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հասկանալ, թե ինչպիսին է հայ քաղաքացիների ընտրությունը։ Մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ բաժանման։ Ի վերջո, մենք այժմ ականատես ենք լինում Ուկրաինայում տեղի ունեցողին։ Բայց ինչպե՞ս սկսվեց այդ ամենը՝ Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցությամբ կամ անդամակցության փորձով։ Դա առաջին փուլն էր, պարզապես առաջին փուլը»,- ասել է ՌԴ նախագահը։
Ուկրաինայի մասին ակնարկը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, այդ թվում՝ նաև բացահայտ սպառնալիք Մոսկվայից, բայց և ռուսական կողմն էլ ցանկանում է հասկանալ, թե դեպի ուր է սլանում Հայաստանի գործող իշխանությունը և ինչպես կարող են հույս դնել այդպիսի իշխանության վրա, եթե Փաշինյանն անընդհատ հայտարարում է, թե Երևանը գնում է դեպի Եվրամիություն, բայց շարունակում է խորացնել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ։ Իսկ Արևմուտքի հետ գրեթե պատերազմական իրավիճակում գտնվող Ռուսաստանի համար սա, մեղմ ասած, անընդունելի կարող է դիտվել, ուստի և օբյեկտիվորեն հարցադրումներ են անում Հայաստանի գործող իշխանություններին։ Բնական է՝ առնվազն մինչև խորհրդարանական ընտրությունները Փաշինյանը շարունակելու է խուսանավել։ Նույնիսկ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը նա Ջերմուկում հրաժարվել է մեկնաբանել, որևէ բառ չի ասել այդ կապակցությամբ։
Սոնա Գալստյան