Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը, դրանց աջակցող մեդիա ռեսուրսները միմյանց գործունեության վերաբերյալ ակտիվորեն տարածում են քարոզչական նարատիվներ, որոնք հաճախ հիմնված են մանիպուլյատիվ ու դավադրապաշտական մեկնաբանությունների վրա։
Այդ նարատիվների հանրայնացման և հանրային գիտակցության մեջ դրանց ամրապնդման նպատակով հաճախ են շրջանառվում նաև կեղծ, ոչ փաստահեն կամ համատեքստից կտրված տեղեկություններ, որոնք ներկայացվում են որպես «ապացույց» կամ «բացահայտում»։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է քաղաքական ուժերի առավել մեծ շրջանառություն ունեցող դավադրապաշտական թեզերը, ինչպես նաև դրանց սպասարկող կեղծ ու ապակողմնորոշիչ տեղեկությունները։
«300 000 ադրբեջանցի՞, թե՞ 300 000 աշխատատեղ»
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ու այլ ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են (1, 2, 3, 4, 5, 6), թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «վերընտրվելու դեպքում 300 000 ադրբեջանցիների է բնակեցնելու ՀՀ-ում»։
| Սամվել Կարապետյան․ «300 000 ադրբեջանցի բերելով՝ մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենաքիչը 10 000 ադրբեջանցի ծառայողներ»: |
| Կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյան․ «Մենք 300 000 աշխատատեղ ենք ստեղծում հայերի համար, Փաշինյանի կառավարությունը բացում է Հայաստանի դռները 300 000 ադրբեջանցիների համար»: |
| Կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյան․ «Բանակցում են, ասեմ ավելին ոչ միայն ադրբեջանցիների բնակեցման խնդիր է քննարկվում, այլ նաև նրանց երաշխիքներն են քննարկվում, օրինակ՝ նրանց իրավունքները պետք է ադրբեջանական ոստիկանությունը երաշխավորի։ Հայ մարդը պետք է որոշի՝ 300 000 ադրբեջանցի Նիկոլ Փաշինյանով, թե՞ 300 000 աշխատատեղ՝ Սամվել կարապետյանի հետ»: |
Ըստ էության, «300 000 ադրբեջանցու վերադարձի» թեզը դարձել է «Ուժեղ Հայաստանի» նախընտրական քարոզչության անկյունաքարերից մեկը․ քաղաքական ուժը հակադրության մեջ է դնում այն՝ 300 000 աշխատատեղ ստեղծելու իր նախընտրական խոստման հետ՝ պնդելով, որ քաղաքացու «ընտրությունը պարզ է՝ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները»։
Քաղաքական ուժի անդամները պնդում են, որ ՀՀ կառավարությունը քննարկում է և մտադիր է կյանքի կոչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պարտադրած այդ ծրագիրը՝ չներկայացնելով որևէ ապացույց, որը կփաստեր, որ Հայաստանի իշխանությունը ներգրավված է կամ իսկապես մտադիր է երկրում հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցնել։
Հերքումներ Փաշինյանից, փաստազուրկ ու կեղծ լուրեր
Հատկանշական է, որ ինքը՝ Սամվել Կարապետյանը, իր վերջին ասուլիսի ընթացքում՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչի հիման վրա են պնդում ադրբեջանցիներով ՀՀ-ն բնակեցնելու կառավարության ծրագրերի մասին, ասել է, որ իր աղբյուրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է։
«Ես ելնում եմ նրանից, որ վերջին տարիներին Ադրբեջանի նախագահը ինչ հայտարարել է, շատ կարճ ժամանակում իրականություն է դարձել, և ես չեմ լսել, որ Փաշինյանը բացի թմբուկ նվագելուց դրան արձագանքել է», — ասել է Սամվել Կարապետյանը։
Մինչդեռ Հայաստանի իշխանությունը, նաև հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով քանիցս հերքել է տեղեկությունը, թե Բաքվի հետ նման հարց է երբևէ քննարկվել կամ քննարկվում։
| Նիկոլ Փաշինյան․ «Մենք Ադրբեջանի հետ երբևէ նման հարց չենք քննարկել և չենք քննարկում։ Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց, որովհետև երկու ուղղությամբ էլ քննարկումներն ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա, և երկու հարցերն էլ թեժ են պահում նույն ուժերը։ Սկզբում մեկն են էսկալացնում, հետո մյուսը, բայց դա էժան միջոց է»։ |
Սրան զուգահեռ տեղեկատվական տիրույթում տարբեր առիթներով հայտնվում են փաստազուրկ պնդումներ այս թեզի շրջանակում․ մասնավորապես՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ՀՀ այցին զուգահեռ դաշտ նետվեց ոչ փաստահեն պնդումը, թե վերջինս Երևանում Հայաստանի իշխանությունների հետ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի հարցն է քննարկել։
Հատկանշական է, որ այս թեզը լրացուցիչ անգամ թեժացրեց Կրեմլի քարոզիչ Արամ Գաբրիելյանովը, ով տևական դադարից հետո նախընտրական շրջանում ակտիվացել է՝ պարբերաբար սոցիալական մեդիայում Հայաստանի մասին կեղծ ու քարոզչական գրառումներ հրապարակելով։
Կրեմլի քարոզիչը հայաստանյան բնակավայրերի ցանկ էր ներկայացրել՝ պնդելով, թե իր «ռուսաստանյան աղբյուրը» իրեն հայտնել է՝ «ադրբեջանցիներին այնտեղ են բնակեցնելու Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»։
Այս տեղեկությունը կայծակնային արագությամբ հայտնվեց հայաստանյան բազմաթիվ լրատվամիջոցներում` Yerevan{.}Today, Hrapatak{.}am, Pastinfo{.}am և այլ ռեսուրսներում։
«300 000 հայ տղամարդ՝ դեպի ուկրաինական ճակատ»
Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցող էջերը «300 000 ադրբեջանցու վերադարձի» թեզին հակադրում են «300 000 հայ տղամարդ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատին» թեզը։
Այն ակտիվորեն շրջանառում է իշխանամետ յութուբյան էջերից մեկը՝ PeasfulArmenia-ը, համաձայն որի՝ Սամվել Կարապետյանը «խոստացել է [ՌԴ նախագահ Վլադիմիր] Պուտինին հայ տղամարդկանց ուղարկել Ուկրաինայի դեմ պատերազմելու»։
Յութուբյան ալիքը ստեղծվել է վերջերս՝ 2026 թվականի ապրիլի 20-ին։ Առ այս պահն այն հրապարակել է 4 տեսանյութ, և չնայած բաժանորդագրվածների փոքրաթիվ թվին՝ 143, ալիքի դիտումների քանակը հատել է 3 ու կես միլիոնը։
Կարապետյանի՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատ հարյուր հազարավոր տղամարդկանց ուղարկելու «Մերժիր Սամոյին» վերնագրով տեսանյութը հրապարակվել է մայիսի 2-ին և օրերի ընթացքում հավաքել է 750 000-ից ավելի դիտում։
Մինչդեռ, այս պնդումն անհիմն է՝ Կարապետյանի կողմից նման պարտավորություն ստանձնելու վերաբերյալ ապացույցներ չկան։
Այս թեզի շրջանակում տարածվեց ևս մեկ կեղծ լուր այն մասին, թե իբր Կարապետյանը հայտարարել է՝ «Պետք է ամեն գնով օգնենք մեր դաշնակից Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում»։
Կարապետյանին վերագրվող խոսքերի մասին գրառում էր արել «Սրտացավ Հայաստան» կոչվող էջը․ գրառումն ունեցել է հազարավոր հավանումներ ու մեկնաբանություններ, իսկ հարյուրավոր օգտատերեր այն կիսել են։
Սակայն, ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությունը, և ո՛չ էլ կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները չեն հաստատում Կարապետյանի կողմից նման հայտարարություն անելու փաստը։
Այսպիսով, նախընտրական շրջանում «300 000 ադրբեջանցու վերադարձի» և «300 000 հայ տղամարդու՝ դեպի ուկրաինական ճակատ ուղարկելու» թեզերը փոխադարձ հակաքարոզչական նարատիվներ են, որոնք քաղաքական ուժերն ու դրանց աջակցող տեղեկատվական ռեսուրսներն օգտագործում են հանրային վախերն ու զգայուն թեմաները շահարկելու նպատակով։
Երկու թեզերի դեպքում էլ շրջանառության մեջ են դրվել առանց արժանահավատ աղբյուրի, փաստազուրկ կամ համատեքստից կտրված պնդումներ, որոնք ներկայացվել են որպես «դավադիր «պայմանավորվածություններ»։
Նանե Մանասյան
The post «300 000 ադրբեջանցին» ընդդեմ «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու». դավադրապաշտական թեզերի պատերազմը appeared first on FIP.AM.