Իրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը, մինչեւ․․․
Իրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը, մինչև Իսլամաբադի հուշագրի 7 պայմանները չիրականացվեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակը:
IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի օրը խորհրդարանում Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն առաջարկներ է ներկայացրել միջնորդների միջոցով: Նա պնդել է, որ Թեհրանի դիրքորոշումը հստակ է՝ Հորմուզի նեղուցը փակ կմնա, քանի դեռ Իսլամաբադի հուշագրի բոլոր 7 պայմանները չեն կատարվել:
Ղալիբաֆի խոսքով՝ Վաշինգտոնը դիտավորյալ հակասական ուղերձներ է հղում՝ մոլորեցնելու Իրանի հասարակական կարծիքը և խաթարելու որոշումների կայացումը: Նա վստահեցրել է, որ Իրանն իր գործողությունները կգնահատի՝ ելնելով «թշնամու» իրական վարքագծից, այլ ոչ թե լրատվական հռետորաբանությունից:
Իրանի խորհրդարանի խոսնակը նաև ասել է, որ Թեհրանը հետամուտ է լինելու թե՛ ռազմական պատրաստվածությանը և թե՛ դիվանագիտությանը, ընդգծելով, որ բանակցությունները պետք է աջակցվեն ուժով:
ԱՄՆ-ն և Իրանը Պակիստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնության էին եկել ապրիլին, իսկ ավելի ուշ՝ հունիսի 17-ին, ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի վերջնական համաձայնության հասնելու նպատակով բանակցություններ պետք է սկսեին։ Սակայն հետագայում բանակցությունները փակուղի էին մտել՝ անվտանգության երաշխիքների և Հորմուզի նեղուցով նավագնացության ազատության շուրջ տարաձայնությունների պատճառով։
Սեպտեմբերի վերջին էլ Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրել է նոր առաջարկ, որը, ըստ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, հնարավորություն կտա Հորմուզի նեղուցը վերաբացել 7 օրում և վերսկսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: