Արարատում «Opel»-ը բախվել է հողաթմբերին, ապա գազատար խողովակի հենասյուներին․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, ապա գազատար խողովակի հենասյուներին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

–00—ՅՄ

Leave a comment