«Ուժեղ Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավի հերթական օրը՝ մայիսի 10-ին Կապանում էր։ Դաշինքը գլխավորող Նարեկ Կարապետյանը նախ պատասխանեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Հիշեցնենք, մեկ օր առաջ Կապանում կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հավաքում Սուրեն Պապիկյանը, Նարեկ Կարապետյանին դիմելով, հորդորել էր, որ բանակում ծառայածը պիտի խոսի անվտանգային հարցերի մասին։ «Պարո՛ն Կարապետյան, բանակի մասին խոսելուց առաջ՝ նախ պետք է բանակ գնալ, եղբա՛յր։ Սամվե՛լ Կարապետյա՛ն, անվտանգության մասին խոսելուց առաջ՝ նայի, գերդաստանի անդամներին ու ասա ժողովրդին, թե ինչու քո տղաները, ախպորդ տղաները, բարեկամներդ բանակ չեն գնացել»,-ասել էր Սուրեն Պապիկյանը։
«Պարո՛ն Պապիկյան, հնարավոր է դու լավ ասֆալտ անող նախարար ես եղել։ Շատ ասֆալտ ես արել։ Հնարավոր է նաեւ դրական փոփոխությունների հույսով ես եկել «Քաղաքացիական պայմանագիր»,-ասաց Նարեկ Կարապետյանը՝ ավելացնելով, որ չի կարելի կանգնել «քո վարչապետից 3 մետր այս կողմ» ու խոսել բանակից։
«Խոսում ես մեր վարչապետի թեկնածուի՝ բանակում ծառայելուց, երբ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին։ Քո ղեկավարը չի ծառայել բանակում, ապրիլյան պատերազմին ծառայել է մայիսին»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: