Ըստ Փաշինյանի՝ ընտրական գործընթացը ժողովրդի եւ Աստծո դատն է․ կառավարող ուժը Սյունիքում խոսեց թվերի լեզվով (ֆոտոշարք)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Սյունիքից։ Կառավարող ուժի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու ընտրացուցակի պատգամավորության թեկնածուները երկու օրում եղան մարզի բոլոր համայնքներում, իսկ քարոզարշավի մեկնարկը տվեցին մայիսի 9-ին՝ մեծ հավաքով՝ Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում։

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով, «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավը կարելի է բնութագրել  ընդամենը մի քանի թվերով։ «Արդեն ուղիղ 27 ամիս է, ինչ Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից որեւէ զինծառայող չի զոհվել եւ չի վիրավորվել։ 6 ամսով կրճատվել է պարտադիր զինծառայության ժամկետը, եւ սա եւս հնարավոր է դարձել երկար սպասված խաղաղության հաստատման շնորհիվ։ Միայն վերջին ամիսներին թոշակները բարձրացվել են 10 հազար դրամով, եւ սա այս տարվա աճն է միայն, քանի որ վերջին տարիներին դրանք շարունակաբար ավելացվել են։ Զրո դրամ՝ հենց այսքան է կազմելու բուժօգնության արժեքը հարյուր հազարավոր քաղաքացիների եւ բոլոր կենսաթոշակառուների համար, քանի որ ներդրել ենք պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը»,- մասնավորապես ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Ծննդով սյունեցի,  ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ կառավարություն գունավորել է մարզի բոլոր համայնքները։ Պետք է արձանագրենք, որ մեր կառավարությանը եւ իշխանությանը հաջողվել է ժողովրդի աշխատանքի շնորհիվ ձեւավորված բյուջեն ուղղել երկրի հզորացմանը, այլ ոչ թե էլիտաների գրպանները, եւ դա այսօր ակնհայտ է»,-ասաց նա։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախ խորհուրդ տվեց «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին։ «Պարոն Կարապետյան, բանակի մասին խոսելուց առաջ՝ նախ պետք է բանակ գնալ, եղբա՛յր։ Սամվե՛լ Կարապետյան, անվտանգության մասին խոսելուց առաջ՝ նայի, գերդաստանի անդամներին ու ասա ժողովրդին, թե ինչու քո տղաները, ախպորդ տղաները, բարեկամներդ բանակ չեն գնացել»,-ասաց Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ 2021 թվականից ի վեր կառավարությունը կատարել է մեծածավալ աշխատանք Սյունիքի եւ բանակի ամրապնդման ուղղությամբ։ ՝ Սյունիքում կառուցվել է 22 ամրացված շրջան՝ 33 տեղամասերով, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 40 միլիարդ դրամ։ «Մեր օրոք ռազմական բյուջեն 640 միլիոն դոլարից դարձել է 1 միլիարդ 700 միլիոն դոլար»,- ելույթը եզրափակեց Սուրն Պապիկյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն  ելույթը սկսեց  25-րդ սաղմոսով։ «Ես կարծում եմ, որ ընտրական գործընթացը ժողովրդի եւ Աստծո դատն է, որովհետեւ ասում են՝ «ձայն բազմաց, ձայն Աստծո»։ Ես համոզված եմ, որ ընտրություններով ժողովուրդը պետք է անի իր դատը։ Այն ժողովուրդը, որի աչքի առաջ մենք եղել ենք այս ամբողջ ընթացքում, որը գիտի մեր բոլոր ձախողումներն ու հաջողությունները, տեսնում է մեր սերը, նվիրվածությունն ու հետեւողականությունը»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ  2021 թ․-ին  ինքն այս հրապարակում հայտարարեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պետությունը բաժնեմաս կունենա ու  հենց 2021 թվականից Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում  ունի 21,8 տոկոս բաժնեմաս։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կապանում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շուրջ 60 տոկոսը ֆինանսավորվել է կառավարության կողմից, Քաջարանում՝ 62 տոկոսը, Մեղրիում՝ 58,9 տոկոսը, Գորիսում՝ 57 տոկոսը, Սիսիանում՝ 52 տոկոսը, Տեղում՝ 66 տոկոսը, իսկ Տաթեւում՝ 63 տոկոսը։

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը նվագեց նաեւ «Վարչաբենդ»-ի կազմում։ Իսկ հավաքը եզրափակվեց դրոնների շոուով։

Չնայած «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշվարկների՝  Կապանի հավաքում,  ժամի 20:09-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում եւ հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2180 մարդ, բայց նկատենք, որ հրապարակը լեփ-լեցուն էր։ «Անվտանգության աշխատակիցների կողմից չի թույլատրվել իրականացնել աերոնկարահանում, ուստի հավաքի մասնակիցների հաշվարկն իրականացվել է տեղում կատարված լուսանկարահանման եւ անհատական հաշվարկի մեթոդով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment