Ուզում եմ, որ հանրությունը կասկած չունենա, որ կուսակցությունների հիմնական հանրահավաքները հաշվելու ու ներկայացնելու ենք․ Իոննիսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Կուսակցությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, առաջիկա մի ամսում շատերդ անելու եք հանրահավաքներ: Մենք «Իրազեկ քաղաքացիների միավորումում» ձգտելու ենք դրանցից շատերի մասնակիցների քանակը հաշվել ու ներկայացնել հանրությանը՝ մեր՝ օդից նկարելու և մարդկանց մեկ առ մեկ հաշվելու մեթոդաբանությամբ:

Բայց, քանի որ այդ հանրավաքները շատ են լինելու, մենք, կարող է, բաց թողնենք մի մասը (մարդկանց մի մասը չէ, հանրահավաքների մի մասը):

Եթե կլինեն հավաքներ, որոնք դուք (կուսակցությունների ներկայացուցիչներդ) կցանկանաք, որ բաց չթողնենք և նկարենք ու թիվ հաղորդենք՝ անկաշկանդ գոնե 24 ժամ շուտ գրեք այդ մասին, և մենք մեծ հաճույքով կիրագործենք ձեր ցանկությունը:

Ավելին, «մարդկանց պիկի ժամին չեն նկարել» խոսակցություններից խուսափելու համար, մենք միշտ պատրաստ ենք հանրահավաքը նկարել այն ժամին ու րոպեին, երբ կուզեն դրա կազմակերպիչները (քանի որ մենք էլ, կազմակերպիչներն էլ ուզում ենք, որ մասնակիցների պիկի պահին նկարվի):

Իսկ եթե որոշ կուսակցություններ ուզենան իրենք դրոնով նկարեն իրենց ցույցը, ապա մենք միայն շնորհակալ կլինենք մեր ռեսուրսների խնայողության համար և հաշվարկը կանենք կուսակցության տրամադրած դրոնի նկարով, եթե այն համապատասխանի մեր պահանջներին (որակ, ուղղահայաց վերևից և այլն)… Կադրում մարդկանց ավելացնել չեք կարողանա (միանգամից կբացահայտենք), իսկ պակասեցնել՝ չեզ ուզի:

Այդուհանդերձ, ուզում եմ, որ հանրությունը կասկած չունենա, որ հիմնական հանրահավաքները հաշվելու ենք, եթե որևէ ֆորս-մաժոր չլինի:

Հ.Գ. Բոլոր հաղորդած թվերը, ինչպես միշտ, լինելու են գերճշգրիտ (max 10% շեղում), հեշտ ստուգելի (ստուգելու ինստրուկցիան կայքում կա): Հանրահավաքների կազմակերպիչներին էլ միշտ պատրաստ ենք հյուրընկալել մեր գրասենյակում, որ նայեն, թե ոնց ենք հաշվում իրենց ցույցի քանակը:

Leave a comment