Ռուսական տելեգրամյան ալիքները և, մասնավորապես, Ռուսաստանի առաջին ալիքը կրկին դաշտ են նետել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապիկի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Նացիստական Գերմանիայի հետ համագործակցելու ու Խորհրդային միության «ազգի դավաճան» լինելու մասին լուրը։
Հիշեցնենք, որ այս տեղեկությունը տարիներ առաջ շրջանառվել էր ռուսաստանյան և հայաստանյան մամուլում՝ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակումից հետո․ նա, մասնավորապես, ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ Խորհրդային միության հաղթանակի հերթական տարելիցին՝ 2020 թվականի մայիսի 9-ին, հրապարակել էր պատերազմի մասնակից իր պապիկի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի լուսանկարն ու այլ տվյալներ։
«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին», — գրել էր նա։
Երեկ՝ մայիսի 6-ին, ռուսական առաջին ալիքի եթերի ընթացքում Կրեմլի քարոզիչ Անդրանիկ Միհրանյանը ցուցադրել է ֆաշիստական Գերմանիայի պաշտոնական փաստաթուղթ՝ պնդելով, որ այն փաստում է Փաշինյանի պապիկի «թշնամական զորքում կամավորագրվելու» և «ազգի դավաճան» լինելու փաստը։
Տեղեկությունն ակտիվորեն ու համակարգված կերպով տարածել են ռուսաստանյան ԶԼՄ-ներն ու սոցիալական մեդիայի ռուսամետ հաշիվները (1, 2, 3, 4)։
Շրջանառվող փաստաթուղթը նացիստների կողմից ստեղծված հուղարկավորման վկայական է (Grabmeldung)․ այն «Հայկական լեգեոնի» 814-րդ հայկական հետևակային գումարտակի զինծառայող Նիկոլայ Փաշինյանի մասին է։
Նշվում է, որ նա ծնվել է 23.12.1913 թ.-ին, Հայաստանի Իջևանի շրջանի Ենուկավան (Ենոքավան) գյուղի բնակիչ է, որը զոհվել է 29.09.1943 թ․-ին։
Քարտի վրա առկա է ռուսերեն մակագրություն՝ Իջևանի շրջանային զինկոմիսարիատ Նիկոլայ Փաշինյանի վերաբերյալ հարցում ուղարկելու մասին՝ «ճշտման նպատակով»։
Այս փաստաթուղթն առկա է PamyatNaroda.ru հարթակում, սակայն, այն, ինչպես պարզեց «Փաստերի ստուգման հարթակը», ոչ թե Նիկոլայ Առաքելի Փաշինյանի, այլ Նիկոլայ Վարդանի Փաշինյանի մասին է։
Ընդ որում, հարթակում հստակ նշվում է նացիստների հետ համագործակցած Փաշինյանի հայրանունը՝ Վարդանի։
Այսպիսով, այս փաստաթուղթը վերաբերում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի պապ՝ Նիկոլայ Առաքելի Փաշինյանին, այլ Նիկոլայ Վարդանի Փաշինյանին։
Նույն հայրանունը, ծննդյան տարբեր թվեր և կարգավիճակներ
Տեսանյութում պնդում է արվում նաև, որ չնայած Նիկոլ Փաշինյանի պապու և «ազգի դավաճան» հռչակված Փաշինյանի հայրանունները տարբերվում են, (առաջինը՝ Առաքելի, երկրորդը՝ Վարդանի), Խորհրդային Հայաստանի Իջևանի շրջանի Ենոքավան գյուղում միայն մեկ Նիկոլայ Փաշինյան է ապրել։
Որպես ապացույց ներկայացվում է 1954 թվականի օգոստոսի 16-ի շրջանային զինվորական կոմիսարիատ մի փաստաթուղթ, որում նշվում է, որ Ենոքավան գյուղում ապրում է միայն մեկ անձ՝ այդ անունով:
Սակայն, 2007 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծված «Մեմորիալ» առցանց հարթակում «Նիկոլայ Փաշինյան» ազգանունով որոնումները երեք արդյունք բերեցին, երեքն էլ Նիկոլայ Վարդանի Փաշինյանի մասին (1, 2, 3):
Ընդ որում, բոլոր արդյունքներում էլ Նիկոլայ Վարդանի Փաշինյանի ծննդյան, մահվան հանգամանքների մասին տվյալները հակասական են․ մի տեղ նա «կարմիր բանակից» է, որն անհետ կորել է, մեկ այլ տեղ՝ «թշնամու հետ գործակցած», որը սպանվել է, մի տեղ էլ մահացած «շարքային» է։
Արդյունքներից երկուսում համընկնում են մահվան տարեթիվն ու ամսաթիվը, մյուսում տարբերվում են ծննդյան տարեթիվը և մահվան ամսաթվերը՝ 1913 և 1903 թվականներ։
Հատկանշական է, որ 1903 թվականին և 1913 թվականին ծնված Նիկոլայ Փաշինյանները ծնվել են Ենոքավանում։
Սակայն, համաձայն PamyatNaroda.ru հարթակում հրապակված՝ Իջևանի շրջանի զինվորական կոմիսարիատի կողմից կազմված «կարմիր բանակի անհետ կորած զինվորների և սերժանտների ցուցակի՝ առաջինն անհետ կորած է համարվում։
Այսինքն, Միհրանյանի պնդումը, թե այս Ենոքավան բնակավայրում մեկ Նիկոլայ Փաշինյան է բնակվել, որը մասնակցել է պատերազմի, սխալ է և չի հաստատում իրականությունը։ Ըստ նույն՝ խորհրդային փաստաթղթերի, գյուղում երկու Նիկոլայ Վարդանի Փաշինյան է եղել ծնված տարբեր տարեթվերին, որոնցից մեկն անհետ կորած է, մյուսը «ազգի դավաճանի» կարգավիճակ ունի։
Ի՞նչ է հայտնի Փաշինյանի պապիկի մասին
Հատկանշական է, որ ՌԴ ՊՆ «Մեմորիալ» առցանց հարթակում չկան տվյալներ ՀՀ վարչապետի պապ Նիկոլայ Առաքելի Փաշինյանի մասին։ Փոխարենը նրա մասին կան տվյալներ PamyatNaroda.ru կայքում։
Ըստ այդմ, Նիկոլայ Առաքելի Փաշինյանը Կարմիր բանակի անհետ կորած զինվորների և սերժանտների ցուցակում է։
Նրա մասին առկա են հետևյալ տեղեկությունները՝ ծնվել է 1913 թվականին, սերժանտ է, ջոկատի հրամանատար, Համամիութենական կոմունիստական կուսակցության (բոլշևիկների) անդամ, ապրել է Հայկական ԽՍՀ Իջևանի շրջանի Ենոքավան գյուղում, զորակոչվել է 1941 թվականին, անհետ կորել է 1942 թվականի հունվարին Կերչում՝ Ուկրաինա, կինը՝ Փաշինյան Մարիամը, ապրել է Իջևանի շրջանի Ենոքավան գյուղում:
Ավելի ուշ նշում է ավելացել, համաձայն որի՝ անհետ կորել է մարտական գործողությունների ժամանակ 1943 թվականի փետրվարին:
Այսպիսով, չնայած ՀՀ վարչապետ Փաշինյանի պատերազմի մասնակից պապիկի և ֆաշիստական Գերմանիայի կողմից Հայկական լեգեոնում կռվող և ԽՍՀՄ կողմից «ազգի դավաճան» հռչակված Նիկոլայ Փաշինյանի անունն ու ազգանունը, ծննդավայրն ու ծննդյան և մահվան տարեթվերը համընկնում են, նրանք տարբեր անձինք են։
Առաջինը Նիկոլայ Առաքելի Փաշինյանն է, որ մասնակցել ու անհետ կորել է պատերազմում ԽՍՀՄ զորքերի կազմում, մյուսը՝ Նիկոլայ Վարդանի Փաշինյանն է, որը ֆաշիստական Գերմանիայի հետ գործակցության համար «ազգի դավաճան» է հռչակվել։
Հետևաբար, ռուսաստանյան առաջին ալիքի ու ռուսամետ օգտահաշիվների պնդումը, ըստ բաց աղբյուրների, չի համապատասխանում իրականությանը։
Նանե Մանասյան
The post Փաշինյանի պապը «ազգի դավաճա՞ն»․ ռուսական առաջին ալիքի պնդումը կեղծ է appeared first on FIP.AM.