Ես չեմ կարող ասել, որ Փաշինյանը գործակալ է, մինչև չտեսնեմ ապացույցներ, բայց որ նա ամբողջը փչացրեց․ Սերժ Սարգսյան

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է․  «Մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ Ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք, իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, խաչմերուկ, բայց իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ պարզ է, որ չեն կարող նրանց «ասածով» առաջնորդվել։

Հարցին՝ այդ փաստաթուղթը կլինի՞ խաղաղության երաշխավոր՝ Սարգսյանը նշել է, որ Հայկական բանակը չկարողացավ դառնալ խաղաղության երաշխավոր, այդ փաստաթու՞ղթը պետք է դառնա։

«Նույնիսկ Հայկական բանակը չթողեցին խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել։ Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու ունակություն ունեն»,-ասել է Երրորդ նախագահը։

Եկեղեցու դեմ իշխանությունների ոտնձգությունների հետ կապված Սերժ Սարգյսանն ասել է․ «Մենք մնում ենք խոնարհ մեր Եկեղեցու հանդեպ, և ամեն կերպ մնալու ենք հավատարիմ մեր գաղափարներին։ Եկեղեցին ունի բոլոր հնարավորություններն իր կարծիքն ասելու, տարածելու, բացի դրանից՝ ներքին կանոնակարգով կարգի բերելու այն մարդկանց, որոնք խախտում են կանոնները։ Եկեղեցին ներքին կանոնակարգով չղեկավարվի, ումո՞վ ղեկավարվի»։

Սարգսյանն ասել է նաև, որ ՀԱՊԿ-ը երբեք խոչընդոտ չի հանդիսացել, որ Հայաստանին զենք վաճառեն։

«Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություններ գնել ու ստացել, մենք Արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, մենք Չինաստանից ու այլ երկրներից ենք գնել, դա մեզ չի խանգարել»,- ասել է նա։ Սարգսյանն ընդգծել է, որ վատ պարողին է ինչ-որ մի բան խանգարում։

Դիտարկմանը, թե մտավախություն է եղել, որ սպառազինությունը կարող է տեղակայվել ՀՀ սուվերեն տարածքից դուրս՝  նախագահ Սարգսյանն արձագանքել է․ «Դա գործընթացի չիմացության արդյունք է, որովհետև ցանկացած երկրից, որտեղից զենք ես ձեռք բերում, հավաստիացում տալիս ես, մինչև 2018 թվականը մենք այդ զենքերը չէինք օգտագործո՞ւմ ինքնապաշտպանության համար, չէինք տանո՞ւմ Արցախ»։

Նախագահն ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ բաներով արդարանալ, բայց չի ստացվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment