Շուրջ 10 մլն դոլար՝ Եղեգիսի կիրճում զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու համար

Եղեգիսի կիրճում կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով, ասել է նախարարը


ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Եղեգիսի կիրճում կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար՝ զբոսաշրջային ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով։


Այս մասին Facebook-ի իր էջում տարածած տեսանյութում հայտնել է  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Նրա խոսքով՝ ներդրումների նպատակն է տարածքը դարձնել  Հայաստանի կարևորագույն և գեղեցիկ զբոսաշրջային հանգույցներից մեկը, որպեսզի այն զբոսաշրջիկների, ներդրողների և բնակիչների համար դառնա շատ ավելի հարմարավետ և շատ ավելի եկամտաբեր։


«Այս հատվածում կառուցելու ենք ճանապարհ, որը կմոտեցնի պատմամշակութային վայրերին, մասնավորապես՝ Զորաց եկեղեցուն։ Մեկ այլ հատվածում՝ Սմբատաբերդի հետևի մասից՝  Արտաբույնքից, մտադիր ենք կառուցել ճոպանուղի», – ասել է Պապոյանը։


Նախարարն ընդգծել է, որ առկա են էլեկտրականության և ջրի հետ կապված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ նույնպես կիրականացվեն ներդրումներ։

«Եղեգիսի
կիրճը պետք է դառնա ու վստահաբար կդառնա շատ կարևոր և զբոսաշրջիկներով լեցուն մի
վայր», – նշել է Պապոյանը։

Leave a comment