Արցախի հարցը բացակայում էր քննարկումներից․ Հայ դատին մտահոգել է ՀՀ–ԵՄ գագաթնաժողովը

Բաժանորդագրվել

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Եվրոպական հանձնաժողովին կոչ է անում դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել կոնկրետ քայլեր։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խոր մտահոգություն ու հիասթափություն է հայտնում ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի քննարկումներից Արցախի ամբողջական բացակայության վերաբերյալ։ Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Գրասենյակը հիշեցրել է Եվրոպական խորհրդարանի` 2026 թ. ապրիլի 30-ի բանաձևը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը, պահանջում է Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում,կոչ է անում պաշտպանել և միջազգային մոնիթորինգի ենթարկել Ադրբեջանի կողմից ներկայումս ոչնչացվող հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը։

«Գագաթնաժողովի համատեղ հռչակագիրը լուռ մնաց այս գոյաբանական խնդիրների վերաբերյալ։ Այս բացթողումը կտրուկ հակասություն է Եվրոպական խորհրդարանի կոչին՝ արդարության և միջազգային երաշխիքների ներքո Արցախի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը համաձայն է Եվրոպական խորհրդարանի հետ, որ «ժողովրդավարական դիմակայունությունը» չի կարող գոյություն ունենալ վակուումում։ Եթե ԵՄ-ն պետք է լինի իրական ռազմավարական գործընկեր, ապա այն պետք է գործի իր իսկ ժողովրդավարական մանդատների հիման վրա։

«Մենք կոչ ենք անում Եվրոպական հանձնաժողովին դուրս գալ ենթակառուցվածքային պլանավորման շրջանակներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ռազմավարական կապակցվածությունը չպետք է իրականացվի իրենց հայրենական տներից էթնիկ զտման ենթարկված 150000 հայերի համար արդարություն ապահովելու հաշվին»,– ընդգծել է գրասենյակը։

Leave a comment