Պառլամենտական գործիչներն ավելի ազատ են. Ալեն Սիմոնյանը՝ Բելառուսին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր հայտարարությունների վերաբերյալ Բելառուսի արձագանքին։

«Ես կարծում եմ՝ Հայաստանի, ՀԱՊԿ-ում գործընկերոջ և ՀՀ պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները. Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները»,- ասել է նա։

Սիմոնյանը շեշտել է, որ քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարցն է։

«ՀՀ-ի համար մարդու իրավունքներն ու ազատությունները կարևորագույն արժեքներ են, և ես կարծում եմ՝ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարացման ճանապարհը»,- նշել է նա։

Սիմոնյանը նաև հավելել է. «Ես խորհրդարանական գործիչ եմ և ավելի ազատ եմ, քան որևէ կոնկրետ գերատեսչության պատասխանատու կամ ոլորտ ներկայացնող մարդիկ. խորհրդարանականները շատ ավելի ազատ են իրենց խոսքերում և մտքերն արտահայտելիս»։

Հիշեցնենք՝ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։

Leave a comment