Կայա Կալլասն այցով Ադրբեջանում է

Քաղաքականություն

05.05.2026 | 14:54

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր  ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնել են Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունից։

«Ադրբեջանը Եվրոպական Միության համար արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկերն է, այդ իսկ պատճառով ես ուրախ եմ այսօր Բաքվում գտնվել»,- նշել է Կալլասը։

Նրա խոսքով՝ կա համագործակցության խորացման հստակ ներուժ, մասնավորապես, առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։

«ԵՄ-ի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և մենք պատրաստ ենք քննարկել ավելի կառուցվածքային գործընկերություն Ադրբեջանի հետ:Իհարկե, մարդու իրավունքների վերաբերյալ բաց և անկեղծ երկխոսությունը մնում է մեր աշխատանքի անբաժանելի մասը»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը  պատմական հնարավորություն է , և կարևոր է պահպանել այս թափը։

Հիշեցնենք, որ մինչ Ադրբեջան մեկնելը՝ Կալլասը Երևանում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, ինչպես նաև ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment