Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը

Վճռաբեկ դատարանը այսօր՝ նոյեմբերի 27-ին բեկանել է Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2026 թվականի հունիսի 25-ի որոշումը և օրինական ուժ տվել առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճռին։

Factor TV-ին Վճռաբեկի որոշումից տեղեկանում է, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակված 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկմանը հաշվակցվել է մինչդատական վարույթի և դատաքննության ընթացքում անազատության մեջ գտնվելու ընդհանուր 10 ամիս 12 օրը։ Արդյունքում՝ Համբարձումյանը կկրի 5 տարի 4 ամիս 18 օր ժամկետով ազատազրկում՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման օրը՝ նոյեմբերի 27-ին։

Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը որոշման հրապարակումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը»։

Ինչի՞ համար է դատապարտվել Համբարձումյանը

Քրեական գործը վերաբերում է 2018 թվականի ապրիլի 22-ին՝ հեղափոխության օրերին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին։

Ըստ դատարանի՝ Մասիսի այդ ժամանակվա քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, նրա եղբայր Գոռ Համբարձումյանը և այլ անձինք փակել էին Երևան տանող ճանապարհը՝ խոչընդոտելով Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով կազմակերպված երթը։ Նրանք բռնություն էին գործադրել երթի մասնակիցների նկատմամբ։ Դատարանը հաստատված է համարել նաև Դավիթ Համբարձումյանի կողմից ցուցարարների ուղղությամբ կրակելու հանգամանքը։

2025 թվականի հոկտեմբերի 23-ին առաջին ատյանի դատարանը Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել նախկին Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։

Նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, մեղավոր էր ճանաչվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու համար, սակայն նրա նկատմամբ պատիժ չէր նշանակվել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Ինչո՞ւ է Վճռաբեկ դատարանը բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը

2026 թվականի հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի դատավճիռը Համբարձումյան եղբայրների մասով և գործն ուղարկել նոր քննության։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել էր վարչական հսկողությամբ, և նա ազատ էր արձակվել դատական նիստերի դահլիճում։ Նրա նկատմամբ կիրառված 5 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը թողնվել էին անփոփոխ։

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ էին ներկայացրել ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, այնպես էլ Դավիթ Համբարձումյանի պաշտպանները։ Վերջիններս վիճարկել էին մեղադրանքի ապացուցվածությունը և պահանջել արդարացման դատական ակտ կայացնել։

Վճռաբեկ դատարանը, սակայն, գտել է, որ առաջին ատյանի դատարանը Համբարձումյան եղբայրների արարքներին տվել է հիմնավորված քրեաիրավական գնահատական, իսկ Վերաքննիչ դատարանը գործը նոր քննության ուղարկելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում։

Ինչո՞ւ դատարանը չի մեղմացրել Համբարձումյանի պատիժը

Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ հանցագործության կատարման պահին Դավիթ Համբարձումյանը զբաղեցրել է Մասիսի քաղաքապետի պաշտոնը, սակայն իր կարգավիճակին համապատասխան վարքագիծ դրսևորելու փոխարեն մասնակցել է խաղաղ երթի խոչընդոտմանը և ցուցարարների նկատմամբ բռնության գործադրմանը։

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ Համբարձումյանի գործողությունների հետևանքով ոչ միայն վտանգվել է հասարակական անվտանգությունը, և երթի մասնակիցները կրել են ֆիզիկական ու նյութական վնասներ, այլև լրջորեն ոտնահարվել է նրանց՝ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված հավաքների ազատության հիմնարար իրավունքը։

Դատարանն անդրադարձել է նաև պատիժը մեղմացնող հանգամանքներին՝ Համբարձումյանի խնամքին չորս անչափահաս երեխա ունենալուն և նախկինում դատապարտված չլինելուն։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության պայմաններում այդ հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ նշանակված պատիժը մեղմացնելու կամ այն պայմանականորեն չկիրառելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել նույն քրեական գործով զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով արդարացված Արմեն Մամուլյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի և Գոռ Խաչատրյանի վերաբերյալ դատական ակտերը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment