Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի ամբողջ իմաստն այս իշխանությունների վերարտադրությունն է։ Այս մասին այսօր, մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, որը մասնակցում է նախագահականի մոտ բողոքի ակցիային՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակելու պահանջով։
«Պարզ տրամաբանություն է։ Եթե, օրինակ, հաստատել են խաղաղություն, և բոլորը ողջունում են այդ խաղաղությունը, ապա պարարտանյութ, անասնակեր, բենզին բերելուն զուգընթաց ես կարծում եմ, հնարավոր էր նաև գերիներին վերադարձնել։ Այստեղից պարզ հետևեություն, որ խաղաղության մասին չէ խոսքը։ Այլ այն բոլոր գործընթացների, որոնք դեռևս սպասվում են, դեռևս Հայաստանը պետք է անցնի։ Եվ այդ ամենն իրականացնելու համար այս իշխանությունները պետք է վերարտադրվեն», – ասաց նա, հավելելով, որ սա փայլուն օրինակն է այն բանի, որ այս իշխանությունները պաշտպանում են ոչ թե հայի շահերը, այլ աշխարհի ցանկացած այլ պետության, և այդ պետությունների ներկայացուցիչներն եկել են իրենց սատարելու։
Խոսելով նախօրեին Ալիևի կոշտ պահվածքի մասին, նա նշեց, որ նման իշխանության պարագայում այդ պահվածքը օրինաչափ է, և ՀՀ վարչապետն էլ շնորհակալ էր այն բոլոր որակումների համար, որը «Ադրբեջանի նախագահը տվեց մեզ բոլորիս՝ և արցախցիներին, և Հայաստանի ժողովրդին»։
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ գագաթնաժողովի երկու օրվա աշխատանքը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահվածքը վկայում են այն մասին, որ այստեղ որևէ հայանապաստ գործընթաց չկա։ «Էստեղ բաձարձակ սատարում է, և հենց դրանով է վտանգված Հայաստանի հանրապետությունը, որովհետև այլևս ինքնիշխանության մասին խոսք գնալ չի կարող», – ասաց նա։
News.am