Այսօր աննախադեպ օր էր՝ ուրացման, դավաճանության, ձեռքերը լվալու և այդ կեղծ խաղաղություն կոչվածի ամբողջությամբ դիմակազերծման․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Հայաստանում այսօր աննախադեպ օր է։ Աննախադեպ ոչ թե տարբեր եվրոպական երկրների պետական քաղաքական գործիչների այս ծավալով ներկայության պատճառով, այլ որովհետև Երևանի կենտրոնում՝ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ, Մարզահամերգային համալիրում ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը։

Ելույթ ունեցավ՝ հերթական անգամ մեղադրելով հայությանը, մեղադրելով արցախահայությանը անջատողականության, սեպարատիզմի մեջ և արդարացնելով 44-օրյա պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, արդարացնելով Հայաստանի տարածքների օկուպացիան, արդարացնելով 2023-ի սեպտեմբերի 19-20-ի Արցախի էթնիկ զտումը, Արցախի հայաթափումը և հետագա բոլոր այն հանցավոր գործողությունները, որոնք հիմա ծավալվում են Արցախի տարածքում՝ հուշարձանների ավերումից մինչև վանդալիզմ։

Այսօր աննախադեպ օր էր նաև այն պատճառով, որ Ադրբեջանը այդ բոլոր մեղադրանքները հղելով հայ ժողովրդի, արցախահայության և ՀՀ-ի դեմ՝ որևէ հակադարձման չարժանացավ, ցավոք սրտի, Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ավելին՝ Փաշինյանի շողոքորտանքը, թե առաջիկայում երազում է Բաքվում լինել, ուղղակի լուռ համաձայնություն էր Ալիևի հետ։

Այսօր Ալիևը իր գործողությունները փորձեց արդարացնել ՄԱԿ-ի 4 բանաձևերով, ինչը իրականում ձևախեղում էր, բայց այստեղ էլ Փաշինյանը չէր կարող ոչինչ անել, որովհետև հենց ինքն էր անցնող տարիներին Արցախի ուրացումը արդարացնելու համար պարբերաբար ԱԺ ամբիոնից փորձում չքմեղանալ՝ ասելով, թե ՄԱԿ-ի բանաձևերով էր Արցախը համարվել Ադրբեջանի մաս», – նկատում է պատգամավորն ու ընդգծում, թե ինչու հենց Երևանում և ինչու հենց եվրոպացիների մոտ Ալիևը նման ելույթ ունեցավ։

Այսօր Ալիևը հանդես եկավ ևս մեկ հայտարարությամբ, որն ուղղակի խարան է մեր երկրի ճակատին։ «Նա Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրեց ռազմական հանցագործությունների մեջ և մազաչափ անգամ արձագանք չստացավ Հայաստանը ներկայացնող անձից՝ մի անձից, որը 2018-ից սկսած պարբերաբար նույն Արցախի նախագահների հետ, նույն պաշտոնյաների հետ տռճիկ էր տալիս Շուշիում։ Ծպտուն չհանեց անգամ այն բանի հարցով, որ իր իսկ միջնորդությամբ, Հայաստանի նախագահի հրամանագրով մարդիկ ստացել են զինվորական կոչումներ, մարդիկ նշանակումներ են ստացել, հիմա ամեն ինչը ուրանում է։ Իրականում ևս մեկ փաստ՝ Ալիևը պատահական չէր այդ մասին խոսում եվրոպացի պաշտոնյաների ներկայությամբ, որ եթե Հայաստանը սրա հետ հաշտ է, դուք ի՞նչ գործ ունեք տարբեր բանաձևերով խոսում եք գերիների ազատ արձակման, արցախահայության վերադարձի իրավունքի մասին, ուղղակի Նիկոլ Փաշինյանի լռությամբ լռեցնում էր նույն եվրոպացի պաշտոնյաներին։ Իրոք այսօր աննախադեպ օր էր՝ ուրացման, դավաճանության, ձեռքերը լվալու և այդ կեղծ խաղաղություն կոչվածի ամբողջությամբ դիմակազերծման, սա խաղաղություն չէ, որովհետև Ադրբեջանը շարունակում է սպառնալ, շարունակում է մեղադրել, իսկ սրանք լեզուները ատամների հետևից անգամ չեն շարժում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment