Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից, Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է. 

Անցած շաբաթ Աղվերանում հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպման գլխավոր հարցը, ըստ որոշ տեղեկությունների, եղել է Ադրբեջանի օգնությամբ Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման խոչընդոտների հաղթահարումը եւ արտադրանքի իրացումը ադրբեջանական շուկայում։

Նույն աղբյուրը պնդում է, որ սահմանափակումները կապվում են Նիկոլ Փաշինյանի եւ վարչախմբի հակառուսական քաղաքականության հետ, կարող են խորանալ Զելենսկու այցից հետո, եւ որ Փաշինյանը դիմել է Իլհամ Ալիեւին, որի դիմաց հնարավոր են քաղաքական զիջումներ։

Հիշեցվում է, որ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը, որի պատվիրակության կազմում կային գործարարներ, եւ Աղվերանում նրանք հանդիպել էին հայ գործարարների հետ։ Հայտնի է, որ մասնակցել են Սամվել Ալեքսանյանը եւ Սուքիասյանների ընտանիքի ներկայացուցիչը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների, իշխանությունները մինչև ԱԺ հերթական ընտրությունները նախատեսում են փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում՝ վերանայելով կաշառք տալու և ստանալու համար նախատեսված քրեական պատասխանատվության կարգավորումները։

Իշխանությունները նպատակ ունեն հոդվածն ավելի «խստացնել»։

Մեր տեղեկություններով՝ քննարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժաչափերի խստացմանը, այլև կալանքի ժամկետների հնարավոր ավելացմանը։ Ըստ շրջանառվող տվյալների՝ նախաձեռնության հիմնական նպատակը կաշառքի գործերով առավել խիստ իրավական մոտեցման սահմանումն է։

Թեև պաշտոնական մակարդակով նախագիծը դեռ չի ներկայացվել, իրավական շրջանակներում արդեն քննարկվում է, որ առաջիկա օրերին այն կարող է դրվել շրջանառության մեջ։

ԱԺ-ն դրա համար, կառավարության նախաձեռնությամբ, պետք է արտահերթ նիստ հրավիրի։

Եթե նախաձեռնությունն ընդունվի, ապա կաշառք տալու և ստանալու գործերով մեղադրվող անձանց նկատմամբ կարող են կիրառվել ավելի խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ ավելի երկարատև կալանք»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․

Չնայած նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց առաջ ՔՊ վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել` սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություն կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո՝ Փաշինյանը միանձնյա, սակայն տեղեկացանք, որ իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ՝ ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։

Բանն այն է, որ ՔՊ ներքին ընտրությունների արդյունքներով, շատ հայտնի ՔՊ-ականներ, պատգամավորներ հետին հորիզոնականներում են հայտնվել, թեպետ իրենց պոտենցիալով, գիտելիքներով անհամեմատ ավելի պատրաստված են, քան առաջին 50-ում հայտնվածներից ոմանք:

Մեկը, օրինակ, գործող ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն է՝ 96-րդ տեղում, Մարիա Կարապետյանը եւ այլք։ ՔՊ մի խումբ կարծում էր, որ նման մարդկանց պետք է առաջ բերել: Սակայն, ըստ լուրերի, ծանրութեթեւ անելով եւ հասկանալով, որ այդ խմբագրումները կարող են չընկալվել թիմում, ու դժգոհության նոր ալիք կբարձրանա այս վճռորոշ պահին, Փաշինյանը ցուցակը թողել է անփոփոխ։

Leave a comment