Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերը

Բաժանորդագրվել

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև TRIPP նախագծերի իրականացման շուրջ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»,– ասված է հայտարությունում։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հիշեցնենք, որ Նիկոս Քրիստոդուլիդիսը Երևանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:

Leave a comment