Թրամփի վարչակազմը նախատեսում է փակել Գազայի հատվածի մերձակայքում գործող քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է փակել Գազայի հատվածի մոտակայքում գործող Քաղաքացիական-ռազմական համակարգման կենտրոնը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Կենտրոնը ստեղծվել էր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի վերահսկման, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումների համակարգման նպատակով։ Սակայն, ըստ գործակալության զրուցակիցների, կառույցը չի կարողացել արդյունավետորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները։
Աղբյուրների համաձայն՝ կենտրոնի գործառույթները նախատեսվում է փոխանցել Միջազգային կայունացման ուժերին (ISF)։ Սպիտակ տանը որոշումը բնութագրում են որպես «վերակազմավորում», մինչդեռ այլ աղբյուրներ պնդում են, որ իրականում խոսքը կենտրոնի ներգրավման կամ կլանման մասին է նոր կառուցվածքի կողմից։
Ծրագրի համաձայն՝ ամերիկյան ռազմական անձնակազմի թիվը կկրճատվի 190-ից մինչև 40-ի։ Նրանց կփոխարինեն այլ երկրների քաղաքացիական մասնագետներ։ Կենտրոնի փակվելուց հետո այն կվերանվանվի «Գազայի հատվածի միջազգային աջակցության կենտրոն»։
Ըստ Reuters-ի՝ նոր կառույցը, հավանաբար, կգլխավորի ԱՄՆ գեներալ-մայոր Ջասփեր Ջեֆերս-ը, ով ներկայում ղեկավարում է ISF-ը։