Երևանի Պասկևիչ բլրի վրա նշվել է Երևանի բերդի գրավման 199-րդ տարեդարձը

Բաժանորդագրվել

Երևանի բերդի ազատագրումը ռուս-հայկական եղբայրության օրինակ է, որը ամրապնդվել է արյունով, հավատով և արդարության համար պայքարով:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Այսօր Երևանում՝ ռուս գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ նշվել է 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Երևանի բերդի գրավման 199-րդ տարեդարձը:

«Այստեղ՝ 1827 թվականի հոկտեմբերի 1-ին (հին տոմարով) տեղի ունեցավ մի իրադարձություն, որը խոր հետք թողեց Հայաստանի և Ռուսաստանի պատմության մեջ։ Ռուսական զորքը գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ և հայ զինվորների ու կամավորների մասնակցությամբ գրավեց Երևանի բերդը», – նշել է Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։

Հավաքվածները ծաղիկներ են խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով բոլոր նրանց հիշատակին, ովքեր ցուցաբերել են խիզախություն, նվիրվածություն և հավատարմություն իրենց պարտականությանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյայնովն ընդգծել է, որ Իվան Պասկևիչը հիմա ևս զինվորականների համար մնում է զորավարական տաղանդի, ռազմական հմտության և պարտքին հավատարմության օրինակ:

Երևանի Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանի խոսքով՝ զորավարը նաև աջակցել է Արևելյան Հայաստանում հայերի հետագա վերաբնակեցմանը:

Միջոցառմանը մասնակցել են ռուսաստանցի դիվանագետներ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի», Երևանում Մոսկվայի տան և Հայաստանի վետերանների միավորման ներկայացուցիչներ:

1827 թվականի հոկտեմբերի 13-ին ռուսական բանակը գեներալ Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավեց Երևանի բերդը՝ այդպիսով ազատագրելով Երևան քաղաքը։ Պասկևիչին շնորհվեց Էրիվանի կոմսի տիտղոսը և Սուրբ Գեորգիի շքանշանը։ Շատ սպաներ՝ ինչպես ռուս, այնպես էլ հայ, արժանացան վաստակած պարգևների։

Leave a comment