Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «աբսուրդային» է համարում Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը «Թրամփի ուղի» նախագծին։ Factor TV-ին տված հարցազրույցում Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Հունվարի 30-ին Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է դիտարկել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու հնարավորությունը՝ շեշտելով «Ռուսական երկաթուղիներ» (РЖД) ընկերության եզակի փորձառությունը։ «Ռուսական երկաթուղիները» 2008-ից Հայաստանի ամբողջ երկաթուղային ցանցի հավատարմագրային կառավարիչն է։
«Ես չեմ կարող նման պնդում անել. նախ և առաջ՝ TRIPP-ը հայ-ամերիկյան կազմակերպություն է։ Եթե մենք խոսում ենք նմանատիպ երթուղի կամ ճանապարհ բացելու մասին, ըստ իս՝ դա պետք է լինի առանձին նախաձեռնություն, բայց TRIPP-ի շրջանակում դա աբսուրդային եմ համարում, որովհետև դա նշանակում է ամեն ինչ անել, որ TRIPP-ը հանկարծ չաշխատի»,- ասել է Սիմոնյանը։
Հարցին, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի հետաքրքրությունը TRIPP նախագծի շուրջ, Սիմոնյանն արձանագրել է՝ մեծ տերության գործելաոճ է։
«ՌԴ հետաքրքրվածությունը ոչ մի արտառոց բան չի նշանակում. մեծ տերության նորմալ գործելաոճ է։ Բոլորն էլ հետաքրքրված են իրենց շրջապատող երկրներում իրենց ազդեցությունն ունենալու հարցում, և քանի որ այդ ազդեցությունն այլևս ռազմական առումով հնարավոր չէ ունենալ, բնական է՝ տնտեսական առումով է փորձում ունենալ»,- ասել է ԱԺ նախագահը։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ 2024-ի օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դադարեցրին ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում։ Սրան հաջորդեց ռուսական հենակետերի դուրսբերումը Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի այն հատվածներից, որտեղ նրանք տեղակայվել էին 2020-ի պատերազմից հետո։