Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից»․ որպես հնարավոր ուղղություններ դիտարկվում են MLS-ը և Եվրոպան

Պորտուգալացի ֆուտբոլիստը  դժգոհ է «Ալ-Նասրում» տիրող իրավիճակից և արդեն հունիսին կարող է հեռանալ ակումբից


ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ 41 տարեկանը լրանալուն պես Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարիերան կարող է շարունակվել Սաուդյան Արաբիայից դուրս, գրում է ria.ru-ն՝ հղում անելով պորտուգալական Record պարբերականին։


Նշվում է, որ ֆուտբոլիստը դժգոհ է «Ալ-Նասրում» տիրող իրավիճակից և արդեն հունիսին կարող է հեռանալ ակումբից։


Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ որպես լեգենդար ֆուտբոլիստի կարիերայի շարունակության հիմնական տարբերակներ դիտարկվում են հյուսիսամերիկյան MLS լիգան և վերադարձը եվրոպական ֆուտբոլ։ Նշվում է, որ Ռոնալդուի պայմանագրում սահմանված հրաժարականի գինը կազմում է 50 միլիոն եվրո։


Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուի դժգոհության հիմնական պատճառը Սաուդյան Արաբիայի Հանրային ներդրումների հիմնադրամի (PIF) վերաբերմունքն է «Ալ-Նասրի» հանդեպ։ Խոսքը պետական այն կառույցի մասին է, որը 2023 թվականին ձեռք է բերել երկրի առաջատար չորս ակումբների՝ «Ալ-Նասրի», «Ալ-Հիլյալի», «Ալ-Իթիհադի» և «Ալ-Ահլիի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։


Ֆուտբոլիստը կարծում է, որ հիմնադրամը միտումնավոր սահմանափակում է իր թիմի տրանսֆերային հնարավորությունները՝ խոչընդոտելով չեմպիոնական տիտղոսի համար պայքարին։


Ռոնալդուն համարում է, որ իր հանդեպ պետք է առավել ընդգծված հարգանք դրսևորվեր՝ հաշվի առնելով այն վճռորոշ դերը, որն ունեցել է սաուդյան ֆուտբոլի զարգացման գործում:


Բացի այդ, նա համաձայնել էր դառնալ Սաուդյան Արաբիայում կայանալիք Աշխարհի 2034 թվականի առաջնության ներկայացուցիչը՝ մրցաշարին ավելի մեծ տեսանելիություն և ճանաչում հաղորդելու համար։


Հիշեցնենք, որ ի նշան անարդարության դեմ բողոքի՝ պորտուգալացին հրաժարվել էր մասնակցել «Ալ Ռիադի» դեմ երեկվա խաղին, որն ավարտվել է «Ալ-Նասրի» հաղթանակով (1-0): Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ պորտուգալացի ֆուտբոլիստը բոյկոտել է հանդիպումը՝ դժգոհություն հայտնելով պետական ​​ներդրումների փոքր ծավալից՝ համեմատած հովանավորվող մրցակից ակումբների՝ «Ալ-Հիլալի», «Ալ-Իթթիհադի» և «Ալ-Ահլիի» հետ։


Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։ Պորտուգալացին ռեկորդակիր է համաշխարհային ֆուտբոլում խփած գոլերի քանակով (961)։ Նա «Ալ-Նասրի» կազմում է 2023 թվականից՝ խփելով 111 գոլ 127 խաղում։

Leave a comment