Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը, ի պատիվ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի և մյուս հյուրերի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ, ասել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել», ինչը նրա առաջին հրապարակային մեկնաբանությունն է այս զգայուն թեմայի շուրջ՝ ընթացիկ թագավորական այցի ընթացքում, գրում է France 24-ը։

«Մենք ռազմական առումով հաղթել ենք հակառակորդին», – ասել է  Թրամփը Սպիտակ տանը կայացած ընթրիքի ժամանակ։

Թրամփը նաև  հայտարարել է՝ Չարլզ III թագավորը «համաձայն է», որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։

«Մենք հիմա մի փոքր աշխատանք ենք կատարում Մերձավոր Արևելքում, ինչպես գուցե գիտեք, և մենք շատ լավ ենք գործում։ Մենք ռազմական առումով հաղթել ենք այդ կոնկրետ հակառակորդին, և մենք երբեք թույլ չենք տա, որ այդ հակառակորդը երբեք… Չարլզը համաձայն է ինձ հետ նույնիսկ ավելի, քան ես… Մենք երբեք թույլ չենք տա, որ այդ հակառակորդը միջուկային զենք ունենա», – ասել է ԱՄՆ  նախագահը։

Նկատենք, որ Չարլզ III-ը չի կարող մեկնաբանել պատերազմը, քանի որ թագավորից ակնկալվում է պահպանել խիստ չեզոքություն քաղաքական հարցերում: Մեծ Բրիտանիայի սահմանադրական կոնվենցիան արգելում է միապետին միջամտել կառավարության քաղաքականությանը և արտահայտել կուսակցական տեսակետներ։

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հստակեցրել է, որ չի կարծում, որ Մեծ Բրիտանիան պետք է ներգրավվի պատերազմին։

«Սա մեր պատերազմը չէ», – այս ամսվա սկզբին ասել էր Բրիտանիայի  վարչապետը. «Մենք չենք ներքաշվի հակամարտության մեջ»։

Երեքշաբթի բրիտանացի  միապետը հիշատակել էր Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի ընդհանուր արժեքները՝ միաժամանակ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխադարձ օգնության կարևորությունը Կոնգրեսին ուղղված իր  իր պատմական ելույթում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment