Թաթոյանը TRIPP նախագիծը համարում է ՀՀ–ում խաղաղության ապահովման իրական պայմանագիր, բայց որոշակի պայմանների դեպքում

Նրա խոսքով՝ նշված պահանջների չկատարելու դեպքքում TRIPP-ի իրագործումը հնարավոր չէ


ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի համար խաղաղություն ապահովող պայմանագիրն այսօր իրականում TRIPP-ն է, հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։


«TRIPP-ի իրագործումը հնարավոր է միայն մի քանի պայմանների դեպքում․ երբ տեղի ունենա Հայաստանի ամբողջական ապաշրջափակում, Հայաստանից ադրբեջանական զինված ուժերը դուրս գան, այսինքն՝ դեօկուպացվի»,- նշել է Թաթոյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ 


Նրա խոսքով՝ նշված պահանջների չկատարելու դեպքքում TRIPP-ի իրագործումը հնարավոր չէ։ 


«Մենք բանակցելու ենք ամերիկյան իշխանությունների հետ, այդ թվում՝ Թրամփի հետ։ Այլ ոչ թե այսօրվա իշխանության նման, որը թաքցնում և «մսխում է» ամերիկյան ամբողջ միջնորդությունը, այդ թվում՝ հլու-հնազանդ կատարում է ադրբեջանական պահանջները՝ ամերիկյան միջնորդությունը ու հեղինակությունը հեղինակազրկելով»,- ասել է Թաթոյանը։ 


TRIPP նախագծի մասին


ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հրապարակել են համատեղ հայտարարություն՝ «Թրամփի ուղի՝      հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման շրջանակների վերաբերյալ:


Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության ձևավորման մեխանիզմի գործարկում, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի միացումը Նախիջևանի ինքնավարության հետ և ինտեգրումը Անդրկասպյան առևտրային երթուղուն:


Հայաստանը մտադիր է արտոնել «TRIPP Development Company» ընկերության ստեղծումը, որն, ինչպես ակնկալվում է, կստանա նախագծի իրականացման սկզբնական իրավունքը՝ 49 տարի ժամկետով:


Նախատեսվում է Միացյալ Նահանգներին առաջարկել ընկերության բաժնետոմսերի 74%-ը՝ Հայաստանի համար պահպանելով 26%-ը: Համաձայնագիրը ևս 50 տարով երկարաձգելու դեպքում նախատեսվում է փոխել բաժնեմասերի հարաբերակցությունը:

Leave a comment