ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով

Քաղաքականություն

28.04.2026 | 20:52

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը քննարկում է տարեկան գագաթնաժողովները չեղարկելու հարցը։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով վեց աղբյուրների՝ մեկ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հինգ դիվանագետների: Նման քայլը թույլ կտա խուսափել լարվածությունից, երբ նման միջոցառումների մասնակիցները հանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը նրա պաշտոնավարման վերջին տարում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը բազմիցս սուր քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի մյուս անդամներին՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում Վաշինգտոնին ավելի էական աջակցություն չցուցաբերելու համար։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների հաճախականությունը փոփոխվել է կազմակերպության գոյության 77 տարիների ընթացքում, սակայն 2001 թվականից ի վեր դրանք անցկացվում են ամեն տարի։ Օրինակ, դաշնակիցները կհանդիպեն Անկարայում 2026 թվականի հուլիսի 7-8-ը։ Սակայն, ըստ գործակալության աղբյուրների, ՆԱՏՕ-ի որոշ անդամներ կարծում են, որ անհրաժեշտ է «նվազեցնել տեմպը»։

Դիվանագետներից մեկի կարծիքով՝ 2027 թվականին Ալբանիայում նախատեսված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա, սակայն 2028 թվականի հանդիպումը կարող է չեղարկվել։ Այդ տարի ԱՄՆ-ում հաջորդ նախագահական ընտրություններն են, և Դոնալդ Թրամփը կհանձնի նախագահական լիազորությունները։

«ՆԱՏՕ-ն կշարունակի պետությունների և կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումներ անցկացնել, իսկ գագաթնաժողովների միջև ընկած ժամանակահատվածում ՆԱՏՕ-ի դաշնակիցները կշարունակեն խորհրդակցել և որոշումներ կայացնել մեր համատեղ անվտանգության վերաբերյալ»,- Reuters-ի հարցմանն ի պատասխան՝ ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment