Գագիկ Ծառուկյանի 0% գյուղվարկերի առաջարկը նոր չէ․ այն արդեն կիրառվում է

Վերջին օրերին գյուղացիների հետ հանդիպումների ընթացքում բնակիչներից մեկի հարցին՝ «որոնք են լինելու առաջին երեք բարեփոխումը գյուղացու համար․ ինչ կանեիք», «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է՝ առաջնահերթ 3 քայլերից մեկը պետք է լինի գյուղացիներին գյուղատնտեսական վարկերի տրամադրումը՝ 0% տոկոսադրույքով։

«Գյուղացուն պետք է վարկ տրվի 0%-ով, որպեսզի նա կարողանա գարնանը մշակել իր հողերը, աշնանը վաճառել բերքը և փակել վարկը»,- նշել է նա։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ու պարզել, որ գյուղատնտեսական ոլորտի մասնակի կամ 0 տոկոս վարկավորման ծրագրեր Հայաստանում արդեն իսկ իրականացվում են։  

0%  վարկավորման հերթական ծրագիրը մեկնարկել է օրեր առաջ

2026 թվականի ապրիլի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատել է ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը։

«Կառավարության կողմից գյուղատնտեսական ոլորտի թիրախային ծրագրեր են իրականացվում, ․․․ բայց ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերը ընդգրկող ընդհանրական ծրագիր չունեինք։ Եվ այս ծրագիրը բոլոր գյուղացիական տնտեսություններին  վերաբերում է»,- կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացնելով՝ նշել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Արտապատկերումը՝ կառավարության որոշումից:

Կառավարության որոշման ծրագրով նախատեսված է գյուղատնտեսական վարկերի ամբողջական տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմ, որի արդյունքում շահառուները կարող են ստանալ  վարկ՝  0% տոկոսադրույքով։ 

Ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար։ Մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 2 մլն դրամ։ Վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է։ Սահմանված է նաև 6 ամսվա արտոնյալ ժամկետ, որի ընթացքում քաղաքացիները կարող են վճարումներ չիրականացնել։

Որոշման նախագծի համաձայն՝ 2026 թվականին նախատեսվում է տրամադրել շուրջ 40 մլրդ դրամի վարկ՝ ծրագրում ընդգրկելով մոտ 20,000 շահառու։

2020 թ․ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառում

Գյուղատնտեսության ոլորտի տարբեր թիրախային ուղղություններով վարկերի սուբսիդավորման նախորդ ծրագիրը կառավարությունն իրականացրել էր 2020 թ․-ին՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում։

«Կան ծրագրեր, որոնց վարկային տոկոսների սուբսիդավորումը կազմում է 100%, այսինքն՝ գյուղացու համար սահմանվելու են զրո տոկոսով վարկեր։ Տրվում են նաև արտոնյալ ժամկետներ մայր գումարի վճարները կատարելու համար»,- 2020թ․-ի մարտի 26-ին ներկայացնելով գյուղոլորտին առնչվող ծրագիրը՝ հայտարարել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ծրագրի շրջանակներում 0% վարկավորման թիրախային ուղղությունները ներառել են հակակարկտային ցանցերի ձեռքբերում, գյուղմթերքի վերամշակում, խելացի անասնաֆերմաների ստեղծում, տոհմային անասնաբուծություն և այլ ոլորտներ։

2019թ․ 0%՝ սահմանամերձ համայնքների, 3-5%՝ մյուսների  համար

Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագիր է հաստատվել նաև 2019թ․ մարտի 7-ին՝ կառավարության N 184-Լ որոշմամբ։

Ըստ այդ որոշման՝ «սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ հանրապետության մնացած համայնքների համար սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 5 տոկոս, իսկ գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3 տոկոս տոկոսադրույքով»։

Ի դեպ, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների պետական մասնակի սուբսիդավորման ծրագրեր իրականացվել են նաև ավելի վաղ՝ 2000-ականներին։ 

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, ըստ որի գյուղացիներին պետք է տրամադրվեն 0% տոկոսադրույքով վարկեր,  նոր առաջարկ չէ։

Նման մեխանիզմներ պետական ծրագրերի շրջանակում տարբեր տարիներին արդեն իսկ կիրառվել են՝ ինչպես տոկոսադրույքների մասնակի, այնպես էլ 100% սուբսիդավորմամբ (0% տոկոսադրույքով) գյուղատնտեսական վարկերի տրամադրման տեսքով։

Եվ եթե նախկին ծրագրերում 0% վարկավորումը հիմնականում եղել է թիրախային՝ կոնկրետ խմբերի կամ առանձին ուղղությունների համար, ապա 2026 թ.-ի ծրագիրը ընդհանրական է ու հասանելի բոլոր գյուղատնտեսներին։

Գայանե Մարկոսյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։

The post Գագիկ Ծառուկյանի 0% գյուղվարկերի առաջարկը նոր չէ․ այն արդեն կիրառվում է appeared first on FIP.AM.

Leave a comment