Արսեն Թորոսյանն արդարացնում է ու հիմնավորում մի բան, որը միջազգային իրավունքն արգելում է

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում քննադատել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը: Նախարարը Հանրայինի եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի եկեղեցին ոչնչացնելուն՝ ասել է, թե Ադրբեջանն իր ինքնիշխան տարածքում ինչ-որ բան է անում. «Երբ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնել, երբ նման հարց ես բերում օրակարգ, ճիշտ չէ։ Մենք փորձում ենք խաղաղություն կառուցել մեր հարևանի հետ, կարծում եմ` եթե անգամ իրենք անում են այդպիսի քայլեր, ուզում են սադրել, մենք պետք է իմաստուն գտնվենք և չանենք նման քայլեր»:

Ստյոպա Սաֆարյանի արձագանքն է. «Ավելի լավ է լուռ մնալ և այդ կերպ կոծկել մեր տկարությունն ու անելանելիությունը, միջազգային իրավունքի և համակարգի չգործելը, քան արդարացնել ու հիմնավորել մի բան, որը միջազգային իրավունքը արգելում է։ Իսկ միջազգային իրավունքը արգելում է սեփական ժողովրդին ու քաղաքացուն ծեծել, սպանել, խոշտանգել, սպառնալ, տեղահանել, երկրի տարածքում այլոց մշակութային ժառանգությունը ոչնչացնել։ Պարզվում է՝ միջազգային իրավունքի ու տվյալ դեպքում՝ ինքնիշխանության իրավունքի ընկալումներն էլ են «փոխվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment