Ապրիլի 21-ին ՀՀ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ իրականացվել է խմելու ջրի նմուշառում, որի արդյունքում հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ:
«Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, պատկան մարմիններն իրազեկվել են:
Ներկայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում, և համաճարակաբանական տվյալները վկայում են գործընթացի մարումի մասին։
Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել»,- ասված է հաղորդագրությունում։
Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկլինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:
ՀՎԿԱԿ-ից տեղեկացրել էին, որ հոսպիտալացվել է 11 անձ: «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացրել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել:
Դիտումների քանակ58