Ներկայացնում ենք Armenian Weekly պարբերականում հրապարակված Young Indian architect documents Armenia and beyond through photography հոդվածի հայերեն թարգմանությունը:
Երբ Խադիջա Զայանը լուսանկարեց Արարատ լեռը Հայաստանի սահմանով անցնելիս, նա գիտեր, որ դա երկրի սուրբ խորհրդանիշն է, որտեղ, ըստ ավանդույթի, հանգրվանել է Նոյյան տապանը: Նա մի պահ կանգ առավ՝ զգալով անսահման կապը լեռան հետ: Հետո Խադիջան ճանապարհորդեց Հայաստանի ողջ տարածքով՝ լուսանկարելով հնադարյան եկեղեցիները, «Քարերի սիմֆոնիան» Գառնիի կիրճում եւ երկրի բնապատկերներն ու առօրյա կյանքը: Նրա ճանապարհորդությունը շարունակվեց դեպի Պետրայի ու Հորդանանի փորագրված քարե հուշարձաններ, Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Սաուդյան Արաբիա՝ նրան հասցնելով ականավոր ճարտարապետ Ջեֆրի Բավայի կալվածք՝ Լունուգանգա այգի, Շրի Լանկայում:
Արդյունքում Կերալա Լալիթակալա Ակադեմիայի կողմից կազմակերպվեց նրա «Հետեւեք ինձ այնտեղ, որտեղ անցնում է հորիզոնը» ցուցահանդեսը, որը մեծ արձագանք ստացավ:
Ներկայացված լուսանկարներն ու բանաստեղծությունները ծնվել են ճանապարհորդությունների ընթացքում՝ դիտարկումների եւ խորհումների լուռ պահերից: «Սկզբում Հայաստանում ինձ գերեցին ոչ միայն նրա հինավուրց բնապատկերները, այլեւ այն, թե ինչպես են հողը, հավատն ու առօրյա կյանքը միահյուսվում միմյանց հետ։ Ուզում էի սարերից զատ ճանաչել ու հասկանալ Հայաստանը հուշարձանների, մարդկանց, սովորույթների եւ առօրյա կյանքի միջոցով»,- ասաց Խադիջա Զայանը։
Նա բնակվում է Միացյալ Արաբական Էմիրություններում, բայց ծնվել ու մեծացել է Կոժիկոդեում՝ Հարավային Հնդկաստանի Կերալա նահանգի ափամերձ քաղաքում, ավանդական մուսուլմանական ընտանիքում։
«Հայաստանում ճամփորդելիս ժամանակի մեծ մասը Զայանը անցկացրել է ոչ թե քաղաքներում, այլ գյուղական եւ հեռավոր շրջաններում՝ ինչպիսիք են Արմավիրը, Օշականը, Գառնին, Լուսարատը եւ Սեւանա լիճը։
«Այս ընդարձակ, ժամանակի փորձություններով անցած, խորը մտորումներ առաջացնող բնապատկերները մեծ ազդեցություն ունեցան իմ աշխատանքների վրա։ Լանդշաֆտը, լույսը եւ լռությունը հնարավորություն տվեցին մի պահ դանդաղելու եւ դիտարկելու», – պատմում է նա։
Աշխատելով լուսանկարչության եւ նոր մեդիայի ոլորտում Խադիջան ուսումնասիրում է տեղանքի, հիշողության եւ համայնքների հետ իրականացվող հետազոտությունների հատման կետերը։ Հիմնականում գյուղական ճանապարհներով եւ արվարձաններով ճամփորդելը նրան հնարավորություն տվեց ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանը։
«Չնայած ես չէի տիրապետում լեզվին եւ շատ դեպքերում չէի կարողանում բանավոր շփվել՝ մարդկանց հոգատարությունը, ջերմությունն ու փոքրիկ բարի ժեստերը մեծ հետք թողեցին իմ ճամփորդության վրա։ Մարդկանց հետ այսպիսի մտերիմ շփումները՝ միասին ճաշելը, զրուցելը, ինձ համար դարձան շատ անձնական ու մտածելու տեղիք տվող փորձառություն»,- ասում է Զայանը։
Լուսանկարներն արտացոլում են այս ճանապարհորդության որոշ հատվածներ՝ հողի եւ մարդկանց, ավանդույթի եւ առօրյա կյանքի միջեւ լուռ փոխըմբռնման պահերը:
«Չնայած մշակութային եւ լեզվական տարբերություններին՝ այս փորձը վերահաստատեց մի պարզ ճշմարտություն. մեզ բոլորիս կապում է ընդհանուր մարդկայնությունը: Ցուցահանդեսը նպատակ ուներ մի ընդհանուր տարածք ստեղծել՝ փոխանցելու այդ գիտակցումը լուսանկարների եւ բառերի միջոցով, որոնք ոգեշնչված էին ճամփորդությունից, մարդկանց պատմությունները լսելուց եւ պարզապես ներկա լինելուց»,- բացատրում է նա։
Սեւանա լճից Արարատ լեռը հեռու է, բայց տեսանելի։ Զայանն ասում է, որ այստեղ հորիզոնը կրում է հիշողության ծանրությունը՝ գաղթի, գոյատեւման եւ այն ամենի, ինչ հաջողվել է պահպանել ի հեճուկս բազում կորուստների։ Այստեղ տապանի գաղափարը այլեւս պարզապես պատմություն չէ, այլ ներկայի չափանիշ։
Այսօր Նոյյան տապանին սպասելը փրկության հարց չէ։ Դա մեզ շրջապատող պայմանները հասկանալու եւ ճանաչելու հարց է։ Բռնությունը, հյուծվածությունը եւ բնաջնջումը դանդաղորեն կուտակվում են՝ մարդկային կյանքերը, նրանց աշխատանքն ու հոգատարությունը դուրս մղելով տեսադաշտից։ Եվ այն, ինչ ամենից խնամքով է պահվել, հաճախ առաջինն է անհետանում։
«Տապանը, որն այստեղ մենք պատկերացնում ենք, աշխարհից փախուստ չէ, այլ վերադարձ դեպի պատասխանատվություն։ Եթե տապանը պետք է գոյություն ունենա ներկայում, այն չենք կարող միայնակ կառուցել։ Դուք ինձ ասեք, կարո՞ղ ենք այն միասին կառուցել», – հարցնում է նա։
Զայանի աշխատանքը ծավալվում է որպես շարունակական երկխոսություն եւ տեսողական ուսումնասիրություն՝ ոգեշնչված այն երկրներով, որտեղ նա ճամփորդել է, փոփոխվող միջավայրերով, բազմաշերտ պատմությամբ, ժամանակով եւ նրանով, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում մեզ շրջապատող աշխարհի եւ մեր ներքին «ես»-ի հետ։
«Հայաստան այցն իմ առաջին միայնակ միջազգային ճանապարհորդությունն էր։ Ինձ գրավեց այն, որ ԱՄԷ-ից շատ հեշտ կարող էի Հայաստան հասնել։ Մարդկանց հարգանքն իմ եւ իմ հավատալիքների նկատմամբ, ինչպես նաեւ նրանց հյուրընկալությունը, շատ թանկ են ինձ համար»,- ասում է Զայանը։
Մուսուլմանական ընտանիքում մեծացած Զայանի խոսքով՝ Հայաստանով ճամփորդելը օգնել է նրան վերանայել հավատքը եւ միասնության գաղափարը:
«Սա իմ առաջին այցն էր քրիստոնեական երկիր, որն առաջինն էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Հայաստանցիները ինձ շատ ջերմ ընդունեցին։ Նրանք ինձ նույնիսկ տարան եկեղեցիներ: Դա հիանալի փորձառություն էր ինձ համար», – խոստովանում է նա:
Զայանը ճամփորդել է Հայաստանի ողջ տարածքով՝ օգտագործելով տարբեր տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ գնացք, տաքսի եւ ավտոբուս:
Նրա կարծիքով՝ Հայաստանի բնապատկերները շատ հանգիստ են եւ ձեւավորվել են բնության տարերքներով։ «Նրանք ցույց են տալիս, թե մարդիկ ինչպես են ընկալում փոփոխությունների, ծերացման եւ էվոլյուցիայի շրջանները՝ ոչ որպես վերափոխման մեկ ակնթարթ, այլ որպես ժամանակին աստիճանաբար հարմարվելու ձեւ։ Այն, ինչ նահանջում է, տեղ է բացում նրա համար, ինչ մնում է: Մարմինը, ինչպես հողը, լուռ կրում է իր պատմությունը՝ հարմարվողականության, ոչ թե վերականգնման միջոցով»,- ասում է Խադիջա Զայանը:
Թարգմանությունը՝ Լիլիթ Խաչատրյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: