Եթե ՀՀ առաջնորդը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն, ինչն արվում է այսօր Հայաստանում. Ռոբերտ Քոչարյան

Մասիսում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ի թիվս այլնի ասաց, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները Կովկասում լինելու ամենազարգացած երկիրը:

Նա Նիկոլ Փաշինյանին էլ անդրադարձավ. «Այն խառնակչությունը, որ երկրի ներսում իրականացնում է ՀՀ իշխանությունը, պետք է ուղղակի ստոպ տար դրան՝ բոլորին իրար դեմ լարել, վախեցնել պատերազմով, Արարատը հակադրել Արագածին… Հատուկ նպատակադրված փորձում են անհանգստություն առաջացնել ժողովրդի մոտ, իսկ սա ազդում է ամեն ինչի վրա՝ տնտեսական ակտիվության, տրամադրության, ընտանիքում, հարեւանների հետ  հարաբերությունների վրա: Սա քայքայիչ մի բան է…

Եթե Հայաստանի առաջնորդը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն, ինչն արվում է այսօր Հայաստանում, ոնց որ հատուկ մտածված լինի: Ես փաստեր չունեմ գործակալության, բայց ամբողջ այս գործունեությունը վկայում է, որ սրանք այս մոդելի մեջ են աշխատում»:

Քաղաքացու հարցին պատասխանելով ու դառնալով Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հարաբերություններին՝  հավելեց, որ սովորություն չունի ընտանիքներ քննարկելու, բայց, իր ձեւակերպմամբ, անգամ այդ արժեքային համակարգն են դարձել բրազիլական սերիալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment