Հեռավոր 2005 թվականի մի ուշ երեկո 63-ամյա Անդրանիկը՝ պապիկս, ու նրա ավագ որդին՝ հայրս, Զվարթնոց օդանավակայանում էին։ Սոցցանցերը, տեսակապն ու միմյանց նկարներ հասցնելու՝ այսօր այդքան հասանելի միջոցներն այդ ժամանակ չկային եւ մերոնք օդանավակայան էին գնացել դիմավորելու մի մարդու, ում միայն տարիքն ու սեռը գիտեին։ Պատմություններ պատմելու հետ առանձնապես սեր չունեցող հայրս այս մեկը պատմում է ամենայն մանրամասնությամբ.
«Ես հայրիկին ասացի՝ դու էստեղ սպասիր, ես գնամ, ցուցանակով պտտվեմ ՝գամ, գուցե արդեն դուրս է եկել։ Գնացի, պտտվեցի, վերադարձա ու էն, ինչ տեսա, մինչ էսօր աչքիս առաջ է։ Երկու պատկառելի տարիքի հայ տղամարդ՝ մեկը մեկից պինդ, ճակատ ճակատի են տվել ու լաց են լինում»:
Ահա այսպես 2005-ի ամռանը առաջին անգամ հանդիպեցին պապիկս ու իր հորեղբորորդին՝ իմ Խիկար հորեղբայրը։ Առանց իրար երբեւէ դեմքով տեսած լինելու, առանց լուսանկարի կամ որեւէ այլ տեղեկության, տեսան իրար օդանավակայանում, ճանաչեցին, ճակատ ճակատի տվեցին ու սկսեցին արտասվել։ Հետո պապս պիտի բացատրեր, որ իրեն մի պահ թվացել է, թե իր հայրն է դիմացը կանգնած ու միանգամից հասկացել է, որ ինքն է՝ երբեւէ իր չունեցած ու չտեսած զարմիկը։
Ձախից աջ՝ Եղիշեն, Հովհաննեսը և Երեմիան (լուսանկարը հավաքված է երեքի առանձին նկարներից)
Դրանից առաջ եղել էր Ցեղասպանությունը։ Ցեղասպանությունից առաջ՝ Բալկանյան պատերազմը, որը բաժանել էր Հովհաննես, Երեմիա եւ Եղիշե եղբայրներին, ովքեր իրար վերջին անգամ 1912-ին տեսնելուց հետո կորցրել էին կապը։ Եղիշեն զոհվել էր երիտասարդ տարիքում՝ անժառանգ։
Հովհաննեսը՝ մեծ պապս, տեղափոխվել էր Պոլիս, որտեղից էլ «հայ» մեղադրանքով դեպի Դեր Զոր էին արտաքսել։ Ճանապարհին փախել էր, թաքնվել մի քուրդ գյուղացու տանը եւ փրկվել։ Հետո նա պիտի գաղթեր Բեյրութ, այնուհետեւ՝ Հալեպ, իսկ մեծ հայրենադարձության տարիներին՝ 1947-ին «Հաղթանակ» անունով նավով կնոջ ու հինգ զավակների հետ պիտի գար Սովետական Հայաստան, ասելով, որ եթե աշխարհում կա վայր, որ Հայաստան անունն ունի, ապա նա այդտեղ պիտի ապրի։
Երեմիան մնացել էր Սեբաստիայում, որտեղ էլ կոտորածից փրկվելու համար վերցրել էր Էրդողան ազգանունը։ Այնուհետեւ տեղափոխվել էր Պոլիս, իսկ իր զավակները՝ Ավստրալիա եւ ԱՄՆ։
Հովհաննեսն ու Երեմիան ողջ կյանքում իրար փնտրել, բայց այդպես էլ չեն գտել։ Եղբայրներին բաժանել էր ցեղասպանությունը, ազգանունները, երկաթյա վարագույրն ու մնացել էր միայն հիշողությունն ու պատմությունները, որոնք, փաստորեն, երկուսն էլ ամենայն խնամքով պատմել ու փոխանցել էին իրենց զավակներին։
Խիկարը տիկնոջ հետ Հայաստանում՝ 2005 թվականին
Եվ ահա 93 տարի անց, 2005-ին, իր ընտանիքի հետքը գտնելուց եւ մի կարճ հեռագիր ուղարկելուց հետո Խիկարը՝ Երեմիայի որդին, ժամանեց Հայաստան։ Մեր ընտանիքի վերամիավորման համար պահանջվեց 93 տարի։
Հետո եղավ այն, ինչ պիտի լիներ։ Պապիկս շատ նեղացավ, որ հորեղբայր Խիկարը տուն է վարձել ու մեր տանը չի մնալու։ Հաջորդ անգամ Խիկարն ու կինը՝ Այգուլը, մնացին մեր տանը։ Հետո եկան նրա որդիները, թոռները։ Պտտվեցին Հայաստանով ու Արցախով, ճանաչեցին, սիրեցին։ Խիկարը հորեղբորս սովորեցրեց սեբաստական ձեւով քաբաբ պատրաստել, ինձ մի քիչ անգլերեն սովորեցրեց, իսկ պապիկիս` համբերատարություն, պահի մեջ երջանիկ լինելն ու մեծ ընտանիք ունենալու երջանկությունը սովորեցրեց։
Անցյալ ամռանը բոլորս հավաքվեցինք մեր տանը՝ Երեւանում։ Պապիկս պատրաստվում էր ամիսներով։ Ամեն շաբաթ հիշեցնում էր, որ հուլիսի առաջին շաբաթվա մեջ ոչինչ չպլանավորենք, ոչ մի տեղ չգնանք։ Ու հավաքվեցինք՝ Հայաստանից, Ավստրալիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից՝ մեր Երեւանի տան ետնաբակում։ Հորեղբայր Խիկարն արդեն մեզ հետ չէր, բայց իր, պապիս, մեծ պապիս երազանքը՝ մեծ ընտանիքը մի հարկի տակ, հավաքվել էր մեր Երեւանի բակում՝ Հայաստան անունով երկրի մեջ։ Դա, երեւի, մեր փոքրիկ, ընտանեկան հաղթանակն է՝ համեմված 93 տարի ուշացած հրաշքով, որ պարտությունների ու կորուստների այսօրվա շղթայի մեջ ճակատագրական դետերմինիզմի հետ կռիվ տալու կամք ու պնդաճակատություն է տալիս։
2025-ի ամռանը Երեւանում
Մենք երբեմն չենք հասկանում պապիս ինքնամոռաց նվիրումը բոլոր հարազատներին ու բարեկամներին գտնելու իր նպատակին։ Երբեմն անգամ կատակում ենք, երբեմն՝ բարկանում չափից դուրս շատ սրտնեղելու համար, երբ ինչ-որ կապ հաստատել չի ստացվում։ Բայց ինքը, ինչպես եւ հորեղբայր Խիկարը, գիտի մի բան, որ մենք չգիտենք։ Զգում ենք, հասկանում ենք, բայց ամբողջ խորությամբ չգիտենք։ Գաղթականության, ողջ ստեղծածն ու սոցիալական միջավայրը կորցնելու, մենակության ու կորստի մասին մեզ ոչ ամբողջությամբ հասանելի մի բան գիտեն։ 2023-ից հետո մեր արցախցի ընկերները մեր տուն առավել հաճախ պապիկիս տեսնելու են գալիս ու իրենք, երեւի, շատ այլ իրականության ու ժամանակի մեջ շատ ավելի մոտ ու նման բան են զգում։ Ու երեւի դրա համար են իրար մի քիչ ավելի լավ հասկանում։
Քնարիկ Ջալաթյանը քաղաքական գիտությունների մագիստրոս է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: