Ոստիկանները Էջմիածնում կանխել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն

Օգոստոսի 3-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ օգոստոսի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Էջմիածնում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Արթուր Գ․-ն վիճաբանել է եղբայրներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Արման Պ․-ի, 23-ամյա Ավետիս Պ․-ի և վերջիններիս հայր՝ 57-ամյա Աշոտ Պ․-ի հետ, որի ընթացքում վերջիններս քաշքշել են և հարվածներ են հասցրել Արթուր Գ․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Արթուր Գ․-ն իր ընկերների հետ վերցնելով տարբեր տեսակի սառը զենքեր, օգոստոսի 3-ին՝ ժամը 22։15-ի սահմաններում, հավաքվել են և պատրաստվել, որպեսզի երբ եղբայրները փակեն իրենց տան հարակից մրգի խանութը, նրանց հանկարծակիի բերելով՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց հետ վերցրած տարբեր տեսակի սառը զենքերը կիրառեն եղբայրների նկատմամբ՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օգոստոսի 3-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում խուլիգանության նախապատրաստության և ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են տեղափոխվել Արթուր Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 18-ամյա Աղվան Ս․-ն, 17-ամյա Հ․ Թ․-ն, 18-ամյա Սերյոժա Ս․-ն, 17-ամյա Լ․ Հ․-ն, 17-ամյա Ն․ Հ․-ն և ևս մի քանի անձանց, իսկ մեկ օր անց ոստիկանություն են տեղափոխվել նաև Ավետիս Պ․-ն և Արման Պ․-ն։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ Արմավիրի մարզի բնակիչներ 17-ամյա Լ․ Հ․-ն և 48-ամյա Աշոտ Խ․-ն դեպքի օրը ոստիկաններին տեսնելուց հետո իրենց մոտ առկա սառը զենքերը նետել են, և դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել են թվով 1 հատ կռփազենք և 1 հատ գաղտնի փականով դանակ։

 

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Leave a comment