Աշնանը Ստաս Նամինը տոնելու է 75-ամյակը:
Մայիսի 4–ից 11-ը Հայաստանի նկարիչների միությունում կգործի Ստաս Նամինի
«Իմ Հայաստանը», «Ռոք-ն-ռոլի արմատները», «Ազատության դեմքեր» գեղանկարների եւ գրաֆիկաների ցուցահանդեսը:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանան հետեւյալ ներկայացումներն ու համերգները.
Մայիսի 3, 19:00` «Իմ սիրտը լեռներում է» դրամա (ըստ Վ. Սարոյանի պատմվածքների)
Մայիսի 5, 19:00՝ «Բիթլոմանիա» մյուզիքլ. The Beatles-ի 25 անմահ հիթերը
Մայիսի 6, 19:00՝ «Մազեր» լեգենդար մյուզիքլը
Մայիսի 7, 19:00՝ «Ծաղիկներ» (Цветы) խմբի մեծ հոբելյանական համերգը
Տոմսերը հասանելի են https://paronyan.am/ կայքում:
2014 թվականին Watch Russia ամսագրի հետ հարցազրույցում Ստաս Նամինը պատմել էր.
«Փոքր տարիքում մայրս ինձ տարել է Հայաստան, եւ ինձ մոտ շատ լավ տպավորություններ են պահպանվել: Այդ ժամանակ ես ծանոթացել եմ Մարտիրոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի հետ. նրանք բոլորը մեր ընտանիքի բարեկամներն են եղել: Ի դեպ, Բաբաջանյանը եղել է իմ առաջին ուսուցիչը:
Իսկ Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունները չստացվեցին. երբ հասուն տարիքում ես այնտեղ մեկնեցի «Цветы» խմբի հետ, ՊԱԿ-ը հեռագիր ուղարկեց Մոսկվա այն մասին, որ ես «ապականում» եմ հայ երիտասարդությանը, եւ ինձ բառացիորեն վռնդեցին: Դրանից հետո երկար ժամանակ այնտեղ չէի գնում:
Եվ ահա վերջերս իմ ընկեր Ռուբեն Վարդանյանն առաջարկեց Հայաստանում իր հետ շրջել ավտոմեքենայով: Հետս տարա նաեւ որդուս (նա 20 տարեկան է, Նյու-Յորքում ռեժիսուրա է սովորում Ռոբերտ Դե Նիրոյի մոտ): Եվ ահա այդպիսի հիանալի ընկերակցությամբ երեք օրվա ընթացքում անցանք 2500 կիլոմետր: Այցելեցինք հին վանքեր՝ Ղարաբաղից մինչեւ Սանահին: Բացարձակ նորովի զգացի այդ երկիրը, իսկ որդիս առհասարակ առաջին անգամ գիտակցեց, որ ինքը հայ է, մեծ ծավալի տեսանյութեր նկարահանեց՝ ֆիլմ պատրաստելու նպատակով: Իսկ ինձ հաջողվեց նկարել Արարատը, որը մեր առջեւ բացվում էր ինչ-որ անսպասելի անկյուններից, ինչպես նաեւ խաղողի այգիներ»:
Երեւանում կկայանա Ստա Նամինի հոբելյանական շաբաթը
Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 3-ից 11-ը Երեւանում կանցկացվի երաժիշտ եւ նկարիչ Ստաս Նամինի հոբելյանական շաբաթը: