«Եթե ձեզ համար նորություն էր, ինձ համար դա նորություն չէր, երկու տասնամյակ է՝ այդ նույն բառերը ես լսել եմ տարբեր աղբյուրներից, երեկ էլ սկզբնաղբյուրից լսեցի, ինձ համար դա նորություն չէր»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի զղջմանը՝ իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին ընտրելու հարցում, այսպես արձագանքեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ երբ ի վերջո կդադարի հակամարտությունն իրենց միջեւ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից հակամարտություն, հակադրություն, մենք դրա կողմնակիցը չենք»:
Լրագրողի դիտարկմանը, թե ձեր փեսան՝ Միքայել Մինասյանն է ակտիվ արձագանքում, Սարգսյանը ուղղեց. «Դուք վստահաբար շփոթում եք հերթականությունը, պատճառն ու հետեւանքները»:
Անդրադառնալով հայոց ցեղասպանության հարցը օրակարգից հանելու այս իշխանությունների քաղաքականությանը՝ Սերժ Սարգսյանն ասաց՝ իրենց քաղաքականությունն է ու դա նորություն չէ. «Ոչ մեկը չի կարող մոռացության տալ: Որ իրենք ուզում են մոռանալ, իրենց գործն է, բայց անհնար է, ոչ մեկ չի կարող մոռացության տալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: