Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա

Քաղաքականություն

23.04.2026 | 18:37

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական ցանկացած նավի վրա, գրում է CNN-ը։

«Ես հրամայել եմ ԱՄՆ ռազմածովային ուժերին ոչնչացնել ցանկացած նավ, նույնիսկ փոքր նավակներ (նրանց ռազմածովային նավերը, բոլոր 159-ը գտնվում են ծովի հատակում), որոնք ականապատում են Հորմուզի նեղուցի ջրերը։ Տատանվելու կարիք չկա»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատանքներ է տանում նեղուցն ականազերծելու ուղղությամբ։

«Բացի այդ, մեր ականազերծող աշխատակազմը հենց հիմա մաքրում է նեղուցը։ Ես հրամայել եմ շարունակել այդ գործունեությունը, բայց եռապատկված մակարդակով»,- ասել է Թրամփը։

Անցյալ ամիս նույնպես Սպիտակ տան ղեկավարը հայտարարել  էր, որ ԱՄՆ զինված ուժերը կհարձակվեն ականապատող ցանկացած նավի վրա։ Այս հարցը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ Թրամփը բանակցում է՝ ինչպես կազմակերպել նավարկությունը նեղուցով, քանի որ համաշխարհային տնտեսական ճնշումները մեծանում են։

Թրամփը և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը բազմիցս հայտարարել են, որ Իրանի ռազմածովային ուժերը, որը գնահատվում է մոտ 150 նավ, ոչնչացվել են։ Սակայն CNN-ը նախկինում հաղորդել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պահպանում է այնպիսի ակտիվներ, ինչպիսիք են փոքր նավակները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment