Մայր աթոռը խստորեն դատապարտում է Արցախի հոգևոր ժառանգության հետևողական ոչնչացումը

Բաժանորդագրվել

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին և Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Մայր աթոռ սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, հարակի խաչքարերն ու կոթողները, ինչպես նաև Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։

Այդ մասին նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ադրբեջանական կողմը դրանք որակել է որպես անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող՝ Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։ Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Մայր աթոռը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։

Մայր աթոռից նաև տարածաշրջանում շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ են անում միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում։

Leave a comment