Սերժ Սարգսյան. «Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ»

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով հրաժարականի պատճառներին, Արցախի կորստին եւ առաջիկա ընտրություններին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ժողովրդին դիմում է ոչ թե  քաղաքական գործիչ, այլ՝ «որպես հայ, որպես մարդ, ում կյանքն ու ճակատագիրն անբաժան են այս հող ու ջրից, այս երկրից»;
Սերժ Սարգսյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ.
«Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ, այլ միասնական, կշռադատված եւ փաստարկված որոշում՝ պատմական որոշում։
2018-ի գարնանը, երբ ես եւ իմ թիմը հեռացանք, մենք դա արեցինք՝ կատարելով ձեր կամքը։ Ութ տարի առաջ իմ հրաժարականի հայտարարությունում ես գրել էի մի նախադասություն, որը տեքստի շահառուներից մեկի խմբագրման եւ իմ «ոխերիմ» ընկերների հաջորդիվ մանիպուլյացիայի պատճառով փորձեցին դարձնել խարան ինձ համար։
Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ եւ սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ եւ դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018թ. վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։
Ցավոք, դա նաեւ իմ ամենամեծ սխալն էր, որովհետեւ չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչեւ վերջ եւ չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի։ Ինձ համար ակնհայտ էր, որ բանակցային այդ փուլում բանակցողի փոփոխությունը, բանակցությունների պատմության զրոյացումը ողբերգական հետեւանք է ունենալու. մի բան, որը տեղի ունեցավ։ Ոչ թե որ ես ամենալավ բանակցողն էի, այլ որ խորությամբ ճանաչում էի բանակցություններին մասնակցող բոլոր կողմերին, ունեի ինստիտուցիոնալ հիշողություն ու գիտեի Ղարաբաղի ու հաղթանակի արժեքը՝ որպես այդ հաղթանակը կերտած, այնուհետեւ այն պահած թիմի անդամ։
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին։
2018թ. վարչապետ առաջադրվելու արդյունքում ես կորցրեցի շատ բան՝ հասկացված չլինելուց մինչեւ դրա հետեւանքով իմ ժողովրդի կողմից մերժում, բայց տարիների հեռավորությունից կարող եմ վստաh ասել՝ նորից կանցնեի այդ քավարանի միջով, որովհետեւ ես վստահ էի, որ այդպես կկանխենք որեւէ աղետ:
Ես չկարողացա ժողովրդին բացատրել, որովհետեւ ժողովուրդը չէր ցանկանում լսել։ Ես «սխալ» էի՝ լինելով ճիշտ։
2018 թվականին ես առաջադրվեցի, որպեսզի երաշխավորեմ Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, որպեսզի սահմաններին չլինի արյունահեղություն, ապա հրաժարական տվեցի, որպեսզի սահմանների ներսում թույլ չտամ արյունահեղություն։ Իսկ այսօր՝ իմ հրաժարականից ութ տարի անց, ժողովրդի մի ստվար մաս համարում է, որ Նիկոլի իշխանությունը կա այնքան ժամանակ, քանի դեռ նրա դեմ քաղաքական պայքարի առաջին շարքում «նախկիններն» են։
Ես ենթարկվում եմ ժողովրդի նաեւ այս պահանջին. եթե իմ եւ Հանրապետականի մասնակցությունն անգամ մեկ տոկոսով նպաստելու է այսօրվա վարչակազմի վերարտադրությանը, մենք հետքայլ ենք անում, որպեսզի մարդկանց հնարավորություն տանք սթափ, առանց էմոցիաների արտահայտել իրենց կամքը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերին՝ անխոչընդոտ իրականություն դարձնել ընտրություններով իշխանափոխության իրենց խոստումը։
Ես իմ ուղին սկսել եմ Արցախի ինքնապաշտպանության ուժերի ձեւավորումից եւ իմ կյանքի ամենամեծ պատիվը համարել եմ մեր ժողովրդի հաղթանակի կերտմանը մասնակից լինելն ու այդ հաղթանակը պահպանելը։ Հանրապետական կուսակցությունն իր կառավարման շրջանում արել է ամեն ինչ՝ հանուն անվտանգ Հայաստանի եւ հայկական Արցախի՝ վերջին հարյուր տարվա ընթացքում հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակն արժանապատվորեն պահպանելու ու փայփայելու համար։ Անշուշտ, եղել են սխալներ ու հիասթափություններ, բայց, իմ խորին համոզմամբ, այդ սխալները ներելի ու վերականգնելի են, եւ դրա վկայությունն այն է, որ այսօր մենք բաց ճակատով ու մաքուր խղճով դուրս ենք գալիս մեր ժողովրդի մեջ։
Գաղտնիք չէ, որ Հանրապետական կուսակցությունը չէր ցանկանում մասնակցել նաեւ 2021 թվականի ընտրություններին, բայց մենք ստիպված գնացինք այդ քայլին։ Ի տարբերություն ընդդիմության կողմից քարոզվող աներկբա հաղթանակի՝ սոցիոլոգիան այլ բան էր հուշում։ Մենք մասնակցեցինք այդ ընտրություններին, որպեսզի փորձենք կանխել Արցախի վերջնական դավաճանումն ու հանձնումը։ Ակնհայտ էր, որ 44 օր «հաղթելու ենք» ստով կապիտուլյացիա ստորագրած խաբեբան, ով 2021-ի քարոզարշավին խոստանում էր Արցախի դեօկուպացիա, իրականում ժողովրդի թիկունքում հանձնելու էր Արցախը եւ թշնամու դեմ մենակ էր թողնելու արցախահայությանը՝ որպես հետեւանք թշնամու առջեւ բացելով Հայաստանի դարպասները։
Ամիսներ առաջ Հանրապետականն առաջարկեց իմպիչմենտի նախագիծը՝ որպես այս իշխանություններից ազատվելու միակ իրատեսական ճանապարհ։ Մեզ համար պարզ էր, որ նրանք եւ իրենց արտաքին հովանավորներն արդեն սկսել են կեղծել ընտրությունները՝ բանտարկելով այլախոհներին, պետական պարտքի կրկնապատկման հաշվին բյուջեից ընտրակաշառք բաժանելով ու աչք փակելով օրեցօր ահագնացող ապօրինությունների վրա։
Այս պայմաններում արդար ու մրցակցային ընտրությունները, մեր համոզմամբ, անհնարին էին։ Սակայն, ցավոք, մեր խորհրդարանական գործընկերներն ընտրեցին այլ ուղի՝ սպասելով ընտրություններին։ Ես հաջողություն եմ մաղթում նրանց այդ որոշումն արդարացնելու գործում։
Ես համոզված եմ, որ այս իրավիճակում ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում, որպեսզի կանխվի ձայների փոշիացումը, ինչը ծառայելու է այսօրվա վարչախմբի շահերին։ Հանրապետականը կշարունակի պահպանել իր ծանրակշիռ դերը՝ որպես արտախորհրդարանական ուժ՝ հանուն պատմական հիշողության, արժանապատվության եւ հայկական երազանքի։
Հայաստանն իր արմատից կտրած, ծնկի բերած, պարտքի մեջ թաղած ու ստով հեղեղած խմբակը պետք է հեռանա: Այլընտրանքը սարսափելի է՝ սարսափ մեր երկրի, մեր ժողովրդի ու հաջորդ սերնդի համար։ Սարսափ է հենց իրենց համար, պարզապես իրենք էլ դեռ չեն գիտակցում։ Արթնանալ է պետք, որ հետո ուշ չլինի։
Արժանապատիվ խաղաղություն, տրամաբանություն ու ներդաշնակություն մեր երկրին ու ժողովրդին»:

Leave a comment