Ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ Վենետիկում մեկնարկել է աշխարհի ամենահայտնի կառնավալը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Տոնի թեման ընտրված է ի պատիվ Միլանում և Կորտինայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի, որոնք մեկնարկում են այս ուրբաթ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Վենետիկում կայացել է ավանդական ջրային շքերթը, որով նշանավորվել է հանրահայտ վենետիկյան կառնավալի մեկնարկը։ Այս տարի տոնակատարությունն անցկացվում է «Օլիմպոս. վերադարձ խաղերի ակունքներին» թեմայի ներքո, հայտնում է Euronews-ը։


Տոնի թեման ընտրված է ի պատիվ Միլանում և Կորտինայում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի, որոնք մեկնարկում են այս ուրբաթ։


Մեծ ջրանցքում կայացած շքերթի բացումը կայացավ հսկայական առնետի տեսք ունեցող նավակի մասնակցությամբ, որը Վենետիկի տոնական խորհրդանիշներից է։


Նավակում գտնվող վառ տոնական հագուստներով արտիստներն ու ակրոբատները, հասնելով Ռիալտոյի կամրջին, երկինք են բաց թողել օդապարիկներ, գունավոր ժապավեններ և կոնֆետներ։


Այս տարի ևս առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սպորտային ոգուն։


Կազմակերպիչներն ընդգծել են, որ վենետիկյան կառնավալները մշտապես ներառել են ասպետների, ակրոբատների և կասկադյորների մրցումներ։


Կառնավալի պաշտոնական բացումը տեղի է ունեցել շաբաթ օրը Սուրբ Մարկոսի հրապարակում՝ բացօթյա մեծ պարահանդեսով։ Այս տարի պարահանդեսները ոգեշնչված են ամերիկյան հայտնի «Բրիջերթոնների ընտանիքը» սերիալի սյուժեով։


Անցյալ տարի երկշաբաթյա տոնակատարությունների ընթացքում Վենետիկ էր այցելել շուրջ մեկ միլիոն մարդ։ Կազմակերպիչների կանխատեսմամբ՝ այս տարի ևս այցելուների թիվը կգերազանցի մեկ միլիոնը։


Վենետիկի կառնավալը կտևի մինչև փետրվարի 17-ը, իսկ մինչև ապրիլի 3-ը քաղաքի մուտքն այցելուների համար կլինի անվճար։






Leave a comment