Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին


Շտապ հաղորդումների հիման վրա Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։


 


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։


 


«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։


 


Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:


 


Արձանագրված կլինիկական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։


 


ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։


 


Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում։


 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Երեկոյան՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն: Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է: 


Տարբեր հասցեներում ջրից նմուշառումներ են արվել: Նախքան նմուշառումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը և պոլիկլինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո:

Դիտումների քանակ9

Leave a comment