Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է Նազելի Բաղդասարյանը
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Մեդիա դաշտում և սոցիալական ցանցերում տարածվող այն պնդումները, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի անցկացմանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ՝ Նազելի Բաղդասարյանը։
«Շրջանառվող նյութը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտության (FIMI) բնորոշ հատկանիշներ և հանդիսանում է հիբրիդային ազդեցության արշավների բաղադրիչ»,-գրել է նա՝ հավելելով, որ հրապարակման հեղինակ Օքայ Դեփրեմը նախկինում ևս բազմիցս տարածել է Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտների վերաբերյալ ոչ հավաստի և մանիպուլյատիվ տեղեկատվություն, ինչը արձանագրվել է ինչպես հայկական, այնպես էլ միջազգային փորձագիտական շրջանակների կողմից։
Բաղդասարյանի խոսքով՝ նման հրապարակումների նպատակը հանրային բևեռացումն է և պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումն է՝ ընտրական գործընթացներին ընդառաջ։