Հորմուզի նեղուցով նավագնացության երկարատև խափանումները կարող են հանգեցնել պարարտանյութերի պակասի և դրանց գների աճի ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։
Նա ընդգծել է, որ հետևանքները կանդրադառնան ոչ միայն Պարսից ծոցի երկրներից անմիջապես պարարտանյութեր գնող պետություններին։
«Միջազգային շուկայում գների աճը կազդի ամբողջ աշխարհի ֆերմերների վրա», – նշել է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ համաշխարհային շուկայում վաճառվող պարարտանյութերի մինչև մեկ երրորդն անցնում է Հորմուզի նեղուցով։ Մասնավորապես, Պարսից ծոցի երկրներին բաժին է ընկնում կարբամիդի համաշխարհային արտահանման շուրջ 30-35%-ը և ամոնիակի արտահանման 20-30%-ը։
Տորերոն նշել է, որ, ի տարբերություն նավթի, պարարտանյութերի փոխադրման համար չկան այլընտրանքային խողովակաշարային երթուղիներ և համադրելի ծավալներով միջազգային ռազմավարական պաշարներ։
«Թեև առևտրային որոշ հոսքեր մասամբ վերականգնվել են, Պարսից ծոցի երկրներից արտահանման խափանումները, բեռնափոխադրումների և ապահովագրավճարների թանկացմանը զուգահեռ, շարունակում են ազդել պարարտանյութերի հասանելիության և դրանց գների վրա», – պարզաբանել է նա։
Տորերոն նախազգուշացրել է, որ ծախսերի աճը և պարարտանյութերի պակասը կարող են գյուղատնտեսսւթյամբ զբաղվողներին ստիպել նվազեցնել դրանց կիրառումը, ինչը բացասաբար կանդրադառնա հետագա սեզոնների բերքատվության և գյուղատնտեսական արտադրության ծավալների վրա։ Նրա խոսքով՝ դա պարենային անվտանգության ռիսկեր է ստեղծում, հատկապես ցածր եկամուտներ ունեցող և պարարտանյութերի ներմուծումից մեծապես կախված երկրներում։