Իրանը զգուշացրել է՝ «վճռական պատասխան» կտա ցանկացած նոր ռազմական գործողության

Իրանի զինված ուժերը պատրաստ են «անհապաղ և վճռական պատասխան» տալ հակառակորդների կողմից ցանկացած նոր թշնամական գործողության։ Այս մասին հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։

Ըստ կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության՝ նա վստահեցրել է, որ Թեհրանը պահպանում է գերիշխանությունը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցում, և թույլ չի տա ԱՄՆ նախագահին «ստեղծել կեղծ պատմություններ տեղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։

Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի ժամկետը լրանալու է վաղը։ Երկու երկրները միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ և ուժեղացրել Պարսից ծոցով տարանցման նկատմամբ վերահսկողությունը։

Միաժամանակ, Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ Թեհրանը պետք է «պահպանի 100% պատրաստություն» այն դեպքում, եթե ԱՄՆ-ը նոր հարձակումներ սկսի։ Էջեին ասել է, որ կա ավելի շատ հարձակումների «մեծ հավանականություն»՝ հավելելով, որ ԱՄՆ-ը դեռևս չի հասել իր պատերազմական նպատակներին, չնայած Իրանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը։

Fars-ի կողմից հրապարակված առանձին տեսանյութում Էջեին ասել է, որ Իրանը կարձագանքի կիրակի Օմանի ծոցում իրանական դրոշի ներքո նավարկող բեռնատար նավի առգրավմանը՝ ԱՄՆ-ի գործողությունն անվանելով հրադադարի «խախտում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment