Ապրիլի 20-ին Լայպցիգ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Նիկոլայ եկեղեցու պատվելի Բերնհարդ Ստիֆը, Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Լայպցիգի Հայ մշակութային միության ղեկավար Անահիտ Բաբայանը։
Միջոցառման ընթացքում հայ համայնքի երեխաները գերմանական Պրոպստայ երգչախմբի հետ հայերենով կատարեցին «Կաքավիկ» և «Լորիկ» երգերը։ Հնչեցին նաև հայկական երաժշտական կատարումներ՝ Անի Պողոսյանի քանոնի, Արփի Գրիգորյանի երգեցողության, Թիլման Լութվիգի դուդուկի և Հենք Գալնքամբի երգեհոնի կատարմամբ։
Հիշատակի միջոցառումից հետո, Լայպցիգի քաղաքապետարանի դիմաց՝ Պրոպստայ եկեղեցուն կից տարածքում, տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման և օծման արարողությունը։ Ներկաների մասնակցությամբ բացվեց խաչքարը, որն օծվեց Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ձեռամբ՝ Տեր Հակոբի, ինչպես նաև Պրոպստայ եկեղեցու վարդապետ Ռալֆ Կոչինկայի և Նիկոլայ եկեղեցու պատվելի Բերնհարդ Ստիֆի աղոթքներով։
Միջոցառումը կազմակերպվել էր Լայպցիգի Հայ Մշակութային Միության կողմից։
Գերմանիայում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: