Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել «Աջակցություն ՀՀ իշխանություններին Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի եզրափակիչ միջոցառմանը – Նորություններ

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը մասնակցել և բացման խոսքով է հանդես եկել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ իշխանություններին Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի եզրափակիչ միջոցառմանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձաստիճան պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության օրենսդիր և դատական իշխանության մարմիններից և Միջազգային քրեական դատարանից:
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հռոմի կանոնադրության վավերացումից հետո ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերը, մասնավորապես՝ անհրաժեշտ կարգավորումների իմպլեմենտացման, իրավակիրառ մարմինների ներկայացուցիչների կարողությունների զարգացման, ինչպես նաև իրազեկման աշխատանքների ուղղություններով։
Աննա Կարապետյանը բարձր է գնահատել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությունը, ծրագիրը իրականացնող՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից կատարված լայնածավալ և արդյունավետ աշխատանքը: Նա նաև շնորհավորել է կազմակերպությանը՝ գործունեության 15-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով նմանատիպ ծրագրերի միջոցով ոլորտային բարեփոխումներում ունեցած ներդրումը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել «Միջազգային քրեական իրավունքի և դատավարության ներածություն» Քեմբրիջի հրատարակության դասագրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը, որի առաջաբանը կազմվել է Միջազգային քրեական դատարանի դատավոր Ջոաննա Քորների կողմից:

Leave a comment