Խոշոր ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան

Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել են «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a comment